11 հունիսի 2022 - 10:47 AMT
Գերմանիայի հայոց թեմը դատապարտել է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը

Գերմանիայի Հայոց առաջնորդարանը խստագույնս դատապարտել է հունիսի 9-ի առավոտյան Բեռլինում 29-ամյա երիտասարդի կողմից հետիոտներին վրաերթի ենթարկելու արարքը և իր զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին։ Ըստ դեռևս ամբողջականորեն չհաստատված տեղեկությունների, երիտասարդը գերմանաբնակ հայ է՝ Գոռ Հ.։

Տղամարդը մեքենայով, մեծ հավանականությամբ, դիտավորյալ, մխրճվել է մարդկանց բազմության մեջ և վրաերթի ենթարկել հետիոտներին։ Վրաերթի հետևանքով զոհվել է 1 անձ, ծանր ու թեթև մարմնական վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաներ։

Ըստ մամուլի հաղորդումների, երիտասարդը հոգեկան խնդիրներ ունի և մեծ հավանականությամբ արարքը գործել է հոգեկան խանգարման վիճակում, գրում է Orer.eu-ն։

«Մերժում ենք նման բնույթի ցանկացած արարք՝ անկախ գործած անձի ազգային-կրոնական պատկանելությունից։ Աղոթում ենք ոճրագործության զոհ դարձած անձի հոգու խաղաղության, ինչպես նաև բոլոր վիրավորվածների շուտափոuյթ ապաքինման և առողջության համար»,- ասվում է Գերմանիայի հայոց թեմի հայտարարության մեջ։

Գերմանիայի Հայոց առաջնորդարանի տվյալներով, արարքը գործած անձը անծանոթ է հայ համայնքին, չկա մեկը, ով ճանաչում է այդ երիտասարդին։