Նախարար․ Հուլիսի 1-ից ծանր վիրավորանքը կապաքրեականացվի

Նախարար․ Հուլիսի 1-ից ծանր վիրավորանքը կապաքրեականացվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքը այլևս քրեական պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար, կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3,000,000 դրամի չափով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նա նշել է, որ վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում։

«Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խորը բևեռացման պայմաններում առանձին խմբերի և անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով:

Որքան էլ առանձին քաղաքական շրջանակներ հայտարարում էին ծանր վիրավորանքի քրեաիրավական նոր կարգավորման հակասահմանադրականության մասին, այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը հստակ արձանագրեց, որ այն լիովին համապատասխանում է Սահմանադրությանը:

Վարչապետի գլխավորությամբ կայացած մի շարք մասնագիտական քննարկումների արդյունքում կառավարությունը գտել է, որ հետագա ժողովրդավարացման մեր օրակարգում խոսքի ազատության նույնիսկ իրավաչափ սահմանափակումը պետք է հնարավորինս իրականացնել առանց քրեական հետապնդման գործիքակազմի: Գործադիրը նպատակահարմար չի գտել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում` նախընտրելով այդ անթույլատրելի երևույթի համար արդեն իսկ գործող քաղաքացիական պատասխանատվության կարգավորումները»,-ասվում է գրառման մեջ։

Անդրեասյանը նշել է նաև, որ կառավարությունը շարունակելով խոսքի ազատության պաշտպանության իր հանձնառությունը, նախատեսում է նաև միջազգային լավագույն փորձը հաշվի առնող օրեսնդրական միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու նաև անձանց արժանապատվությունը, մասնավոր կյանքը, ազգային անվտանգությունը և այլ չափազանց կարևոր արժեքներ ազատ արտահայտման չարաշահումներից:

«Չնայած այն հանգամանքին, որ ծանր վիրավորանքի համար նախատեսված չի լինելու քրեական պատասխանատվություն՝ սա չի նշանակում, որ մադկանց արժանապատվությունը նվաստացնող հայտարարությունները մնալու են առանց իրավական լուրջ հետևանքների: Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով վիրավորանքի հասցնելու պարագայում ազատ խոսքը չարաշահողները պարտավոր կլինեն վճարել փոխհատուցում մինչև 3,000,000 դրամի չափով:

Ուստի, մեր հայրենակիցներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ վիրավորական և անպարկեշտ խոսույթից, այլապես նրանք կկրեն դրա համար օրենքով սահմանված խիստ պատասխանատվություն»,-գրել է նա:

Ծանր վիրավորանքի համար պատասխանատվությունը քրեականացվել է 2021թ. օգոստոսի 30-ից։ Քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---