ԿԲ նախագահ․ 9% գնաճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ավելի բարձր են

ԿԲ նախագահ․ 9% գնաճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ավելի բարձր են

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է, որ մայիս ամսին գնաճը կազմել է 9 տոկոս, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության և երկրի պատմական զարգացումները դիտարկելու առումով։

Ըստ ԿԲ նախագահի՝ սպառողական գների ինդեքսի 9 տոկոս գնաճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները ավելի բարձր են, գրում է «Փաստինֆոն»։

Նրա խոսքով՝ ԿԲ-ն որևէ ազդեցություն փոխարժեքի վրա չունի, այսինքն՝ կունենա այն դեպքում, եթե արտարժույթ վաճառի։

«Արել ենք հակառակը. տարվա ընթացքում շուկայից մոտավորապես հարյուր միլիոն դոլարին համարժեք արտարժույթ ենք ձեռք բերել։ Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք որոշակի շուկայական մեխանիզմների խեղաթյուրումներ։ Դա է կանոնը»,-նշել է ԿԲ նախագահը։

Գալստյանը նկատել է, որ հասարակության մեջ կարծիք կա, թե Կենտրոնական բանկը պետք է փոխարժեքը ֆիքսի։

«Կենտրոնական բանկի գործիքակազմը ազդում է ամբողջական պահանջարկի վրա։ Այդ պարագայում, եթե մենք արհեստական արժեզրկենք դրամը, ապա կբախվենք գնաճի ևս մեկ ալիքի հետ, որը կհարվածի բոլորին»,-նշել է Գալստյանը։

Մարտին Գալստյանը իրավիճակից ելքը տեսնում է գործադիրի կողմից տնտեսության սեկտորային քաղաքականություն վարելու մեջ, որը ենթադրում է արտահանող ընկերություններին օժանդակության տրամադրում՝ սուբսիդիաների և հարկային արտոնությունների տեսքով, իսկ միջոցները պետք է վերցնել գնաճի հետևանքով հավելյալ հարկային մուտքերից:

«Եթե դոլարի փոխարժեքը պայմանականորեն լինի այսօրվա փոխարժեքից որոշակի բարձր, ապա մենք կունենաք գնաճի շատ ավելի բարձր մակարդակ, որն անխուսափելիորեն հանգեցնելու է մեր հայրենակիցների, մասնավորապես՝ տնտեսապես շատ զգայուն քաղաքացիների կենսամակարդակի ավելի նվազման»,-նշել է Գալստյան։

ԿԲ նախագահի կարծիքով՝ այն, որ փոխարժեքն արժևորվել է, ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են՝ պայմանավորված է նաև ռուս-ուկրաինական պատերազմով։ նա հավելել է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների համար միջազգային գների շատ մեծ գնաճ կա։

«Կան արտահանողներ, որոնք ժամանակին արտահանում էին Լարսով Ռուսաստան ու արտահանված ապրանքի փոխարեն նույն բեռնափոխադրող մեքենայով ներմուծում էին իրականացնում։ Հիմա այդ արտահանողը Լարսով կորցնում է ապրանքի մի մասը, որովեհետև ապրանքը փչանում է ճանապարհին, վերադարձին ներմուծվող ապրանք չի բերում, որովհետև եթե բերում է, դա տևում է 15 օր, իսկ եթե չի բերում, տևում է 3 օր։ Այստինքն՝ տվյալ ընկերությունների ծախսերը էապես աճել են»,-ընդգծել է ԿԲ նախագահը։

Գալստյանի դիտարկմամբ՝ պատկան մարմինները պետք է համադրեն, թե ծախսերի աճն ինչքան է եղել, փոխարժեքի ազդեցությունն ինչքան է եղել, նոր որոշակի դատողություն անեն՝ գները ճշգրտվել են, թե ոչ։

Գալստյանը, մեկնաբանելով դրամի արժևորման շուրջ առկա մտահոգությունները, ասել է նաև, որ դրամի արհեստական արժեզրկումը, կամ դոլարի փոխարժեքի բարձրացումը լրացուցիչ գնաճի ռիսկ է պարունակում։

Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել էր` մարտի 11-ին հասնելով 518.28 դրամի։ Դրանից հետո դոլարի փոխարժեքը Հայաստանում սկսեց դանդաղ նվազել` կապված դոլարի պահանջարկի նվազման ու ռուբլու արժևորման հետ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---