«Հայաստան»․ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, սպառնալիքների փաստեր

«Հայաստան»․ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, սպառնալիքների փաստեր

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքն, արձագանքելով Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը, հայտարարել է, որ ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրեր, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։

Նշվում է, նաև, որ այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։

«Այսօր ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից և ոչ մեկը։

Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են միջազգային հանրության կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։

Սույնով «Հայաստան» դաշինքն արձանագրում է

1. խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայությունը, որը մեր կողմից քանիցս հիմնավորվել էր, այլևս հաստատվում է նաև դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով,

2. նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել,

3. ակնհայտ է, որ Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը։

Ստեղծված իրավիճակից միակ ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է», - ասված է հայտարարությունում։

«Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ԱՄՆ և ԵՄ դեսպաններին ` ակնկալելով, որ նրանք

1) հրապարակավ դիրքորոշում կհայտնեն հրապարակված ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ,

2) հրապարակավ դիրքորոշում կհայտնեն՝ արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանի կիրառած ու հայտնած ձևի ու բովանդակության դատական բարեփոխումները դեռևս արժանանում են իրենց աջակցությանը։

Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրել Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)՝ 19։00-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Գլխավոր դատախազությունն արձագանքել է ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը` հայտնելով, որ այն ուղարկվել է Քննչական կոմիտե, իսկ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ԲԴԽ-ն ղեկավարելու հարց չի քննարկվել։

Հունիսի 20-ին հրավիրած ասուլիսի ընթացքում Վարդազարյանը հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրգործի որոշ հանգամանքների վերաբերյալ: Նա հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը։ Դրանից պարզ է դառնում, որ Ջհանգիրյանն ասել է․ «Ես ասում եմ, որ այդ բոլորը կանգնեցված է, ես դրա գարանտն եմ։ Էդ բոլորը մոռացիր, դիր մի կողմ, դու ապագա ունես, երեխեք ունես, տուն ունես»,- ասել է Ջհանգիրյանը՝ հորդորելով հրաժարական տալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---