Բեգլարյան․ Պատերազմի հետևանքով կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ խնդիրներ

Բեգլարյան․ Պատերազմի հետևանքով կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ խնդիրներ

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Ֆորում 405» կրթական համաժողովում ասել է, որ պատերազմի հետևանքով ինչպես Արցախի ամբողջ հասարակությունում, այնպես էլ կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք բացասականորեն են անդրադառնում կրթության որակի վրա։

Համաժողովն անցնում է «Ինչպես նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագրի ներքո:

«Մենք պարտավոր ենք արդյունավետ ու նորարարական լուծումներ տալ այդ հիմնախնդիրներին՝ ձգտելով մի կողմից չեզոքացնել դրանց բացասական ազդեցությունը, մյուս կողմից՝ ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն վերածննդի ու հետագա զարգացման համար: Այստեղ գլխավոր դերը պատկանում է ուսուցիչներին, որոնց չպետք է միայնակ թողնել՝ աջակցելով վերապատրաստումներով ու մշտական խորհրդատվությամբ, իսկ աշակերտները պետք է լինեն ներառական, գործնական ու գաղափարական ուշադրության ներքո»,- նշել է պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ֆորում 405»-ի կազմակերպման նախաձեռնությունը, որի շրջանակներում Հայաստանի ու Արցախի կրթական համակարգերի հարյուրավոր ներկայացուցիչներ քննարկում են առկա մարտահրավերները, կիրառվող լուծումներն ու ապագա անելիքները:

Պետական նախարարն անդրադարձել է հետպատերազմյան իրականությունում դասավանդման և ուսումնառության առանձնահատկություններին ու հիմնախնդիրներին: Արտակ Բեգլարյանի համակարգմամբ՝ ներառական քննարկումների միջոցով վեր են հանվել մի շարք հարցեր պատերազմական տրավմաների, հետպատերազմյան դժվարությունների ու այլ առնչվող երևույթների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են լուծման հնարավոր մոտեցումներ:

Մտքերի փոխանակման արդյունքում քննարկվել են որոշ գործնական գաղափարներ պետական լիազոր մարմինների և մասնագիտական շրջանակների համագործակցության շուրջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---