Թովմասյան․ Միջազգային կառույցներին եմ ուղարկելու Վարդազարյանի հրապարակած ձայնագրության սղագրությունը

Թովմասյան․ Միջազգային կառույցներին եմ ուղարկելու Վարդազարյանի հրապարակած ձայնագրության սղագրությունը

PanARMENIAN.Net - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջազգային կառույցներին է ուղարկելու ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի ձայնագրության սղագրությունը և գործընկերներից գնահատականներ է խնդրելու այն մասին, թե ինչպես կարող է իրեն ժողովրդավար հռչակած երկրում Բարձրագույն դատական խորհուրդը միջամտել որևէ մեկի քրեական գործին, քաղաքական նկատառումներից ելնելով սպառնալ վերջինիս, և այս ամենի նպատակը լինի բացառապես քաղաքական իշխանության պահպանումը։

Թովմասյանը նշել է նաև, որ Վարդազարյանի կասեցված լիազորությունները դադարեցվեցին, և դա հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ վերջինիս կողմից Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի հայտնի ձայնագրության հրապարակման հետ։

‌«Այս փաստը և առհասարակ ձայնագրության բովանդակությունը խիստ մտահոգիչ է։

Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը միայն քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության տարրեր չէ, որ պարունակում է: Ձայնագրությունը ՀՀ քաղաքացիների և առհասարակ բոլորի մոտ տպավորություն ստեղծեց, որ Հայաստանում արդարադատությունը իրականացվում է ոչ թե դատարանում, այլ «հացի սեղանի շուրջ», և նման «դատավարության» լեզուն էլ ոչ թե հայերենն է, այլ քրեական ենթամշակույթին հարիր ժարգոնը` համեմված տարբեր անձանց հասցեին հնչող հայհոյանքներով:

Իհարկե դժվար է ասել, թե այս երկու հանգամանքներից ժողովրդավարության ուղին բռնած հասարակության համար որն է ավելի վտանգավոր:

Այս իրավիճակում, ցանկացած քիչ թե շատ ժողովրդավարական պետության պատկան մարմինների համար սուրբ պարտականություն պետք է լիներ ոչ միայն քրեական արդարադատության միջամտությանը վերաբերող գործի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունն ու մեղավորներին պատժելը, այլ նաև հասարակության մոտ այն համոզման արմատավորումը, որ արդարադատության իրականացումը, ինչպես դա պահանջում է ՀՀ Սահմանադրությունը, իրականացվում է միայն դատարանում, այլ ոչ թե «հացի սեղանի շուրջ» կամ օրենսդրությամբ չնախատեսված այլ վայրում»,-գրել է նա:

Թովմասյանը նշել է նաև, որ, որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ուշադրությամբ հետևելու է այս գործի քննությանը:

Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, որի դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն և նա կմնա ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ:

ԲԴԽ-ն դադարեցրել է կառույցի նախագահ (լիազորությունները կասեցված), դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումը հրապարակվել է ԲԴԽ նիստում՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հանձնախմբի միջնորդությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---