Անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող խումբ է հայտնաբերվել

Անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող  խումբ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է հայտնաբերվել և չեզոքացվել։

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է ընդհանուր 5 անձ, որոնցից 3-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան։

Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են ՀՀ մոտ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, տուրիստական գործակալություններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման համար անհրաժեշտ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև ՀՀ այն քաղաքացիների ինքնությունները, ովքեր տուրիստական ընկերությունների միջոցով անօրինական կարգով լքել կամ փորձել են լքել ՀՀ տարածքը։ Հիշյալ անձինք և նրանց ազգականներն իրենց ցուցմունքներով նկարագրել են հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց արարքները, տեղեկություններ հայտնել փոխանցված կամ խոստացված դրամական միջոցների չափի վերաբերյալ։

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև 8 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում անօրինական միգրացիայի կազմակերպման համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---