Միրզոյանն Աթենքում ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դերը ԼՂ կարգավորման հարցում

Միրզոյանն Աթենքում ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դերը ԼՂ  կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպմանն առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում, և բարձր գնահատել Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությունն ու գործողությունները՝ ընդգծելով նաև այն փաստը, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։

Կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել իրականացման հրատապությունը։

Հայկական կողմը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հունական կողմի աջակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է հետևողական ջանքերը՝ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մասնակցել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև Եվրամիությանը վերաբերող հարցերի շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---