Ժամկետայիններն աստիճանաբար կազատվեն առաջնագծում ծառայելուց, իսկ Արցախում ժամկետայիններ չեն լինի արդեն օգոստոսի 30-ից հետո

Ժամկետայիններն աստիճանաբար կազատվեն առաջնագծում ծառայելուց, իսկ Արցախում ժամկետայիններ չեն լինի արդեն օգոստոսի 30-ից հետո

PanARMENIAN.Net - Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել Արցախում ծառայությունն իրականացնել միայն պայմանագրային զինծառայողներով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ Սահակ Սահակյանը:

«Մեր վերջին զորակոչը կզորացրվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը, որից հետո այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ: Արցախի համար մշակված է ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ, ներդրված է փաթեթը, դրա հիման վրա, հիմնականում Արցախի ռեսուրսից, պայմանագրային զինծառայողներով համալրվում են ամբողջ Արցախի պաշտպանության բանակի թափուր հաստիքները», - ասել է գլխավոր շտաբի ներկայացուցիչը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Սահակ Սահակյանի խոսքով՝ սրա նպատակը հիմնականում ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելն է։

«Պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է՝ առաջնագծից հանենք: Ձգտում ենք, որպեսզի ժամկետային զինծառայողներով մարտական հերթապահություն չիրականացնենք հնարավորության սահմաններում», - ասել է Սահակ Սահակյանը:

Սահակյանը նշել է, որ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց, գրում է Factor.am-ը։

«Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Անհրաժեշտության դեպքում` պետք է կիրառվեն ըստ նշանակության»,- նշել է Սահակյանը։

Հայաստանի 3-րդ բանակային կորպուսում, ըստ Սահակյանի, այս փորձն արդեն 90 տոկոսով կիրառվում է։ Հետագայում փորձը նախատեսվում է կիրառել ՀՀ բոլոր զորամիավորումներում։

Ծրագրի իրականացման հնարավորությունը, սակայն, գնդապետի խոսքով, ուղղակիրեն կախված է պայմանագրային զինծառայողների քանակից։

Սահակյանը նաև հայտնել է, որ այս տարվա ամառային զորակոչից սկսված՝ ՀՀ ԶՈւ-ում նոր կարգ է սահմանվել. բոլոր նորակոչիկները ծառայության են անցնելու հրաձգային-ուսումնական գումարտակներում, որտեղ մնալու են շուրջ 5 ամիս` մինչև ուսումնական փուլի ավարտը։ Դրանից հետո կտեղափոխվեն վիճակահանությամբ իրենց մշտական տեղակայման զորամասեր։

«ՊՆ այս հրամանի միակ նպատակն է եղել, որ զինվորները լրիվ պատրաստություն չանցած չընդգրկվեն մարտական հերթապահության մեջ։ Այսինքն` այդ զինվորները մարտական հերթապահության մեջ կարող են ընդգրկվել զորակոչից միայն 5-6 ամիս հետո, երբ պատրաստության ամբողջ ծրագիրն անցած կլինեն»,- նշել է Սահակյանը։ ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---