Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առած հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն: Քաղաքապետարանների միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը կրթության ոլորտում՝ աջակցելով Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը։ Մասնավորապես, կիրագործվի Արհեստների և որակավորումների կամպուսի վերակազմակերպման ծրագիրը, որը հնարավորություն կտա ընդլայնել կենտրոնի շենքային պայմաններն ու կյանքի կոչել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող կրթական նոր ծրագրեր:

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում այժմ մասնագիտական կրթություն է ստանում մոտ 200 սան, շենքային պայմանների բարելավումը հնարավորություն կտա ընդունել ավելի մեծ թվով երիտասարդների:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է գործընկերոջ՝ Գրեգորի Դուսեի հետ:

Լիոնի քաղաքապետը նշել է, որ Երևանն առանձնակի նշանակություն ունի իրենց գործընկեր քաղաքների շարքում:

«Բարեկամական ու գործընկերային այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ, հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Բոլոր խոշոր քաղաքների խնդիրները գրեթե նույնանման են, և նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետը:

Երևանի քաղաքապետն իր հերթին կարևորել է առարկայական ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը:

«Կարծում ենք, որ կարող ենք կոնկրետ գործակցություն ունենալ տրանսպորտի, երթևեկության կառավարման և ուրբանիզմի ոլորտներում: Երևանն իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման գործում, և այստեղ մեծ հեռանկարներ ենք տեսնում»,- նշել է Երևանի քաղաքապետն ու Լիոնի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել Երևան:

‌ ‌

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---