ԱԽ քարտուղարը բացառել է ՀՀ տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհի դիտարկումը

ԱԽ քարտուղարը բացառել է ՀՀ տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհի դիտարկումը

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի միջանցքն իրականություն է դառնում, բացառել է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհի դիտարկումը:

«Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, և ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն այս մասին ասել են: Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,-ասել է Գրիգորյանը հունիսի 30-ին կառավարության նիստից հետո, հայտնում է Panorama.am-ը։

Հիշեցնելով, որ ապաշրջափակման հարցը քննարկվել է Մոսկվայում և Բրյուսելում՝ Արմեն Գրիգորյանն ասել է. «Եթե հիշում եք՝ երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում, և եթե չեմ սխալվում` անցյալ տարի նոյեմբերի 6-ին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը գտնվում էր Երևանում, հայտատարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում»:

Նա նկատել է, որ նույնը տեղի էր ունեցել բրյուսելյան բանակցություններից հետո, երբ Ադրբեջանը հայտարարել էր, որ միջանցք է քննարկում, իսկ նախագահ Միշելի խոսնակը հայտարարություն էր տարածել, որ որևէ միջանցք երբևէ չի քննարկվել:

«Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել, և շարունակելու է սա մնալ»,-հայտարարել է Գրիգորյանը:

Ըստ ԱԽ քարտուղարի՝ Ադրբեջանի հետ քննարկվող օրակարգային հարցերը չորսն են՝ հումանիտար հարցեր՝ առաջնահերթը գերիների վերադարձն ու անհետ կորած անձանց մասին տեղեկություններ հավաքագրելը, ապաշրջափակումը, սահմանազատումը և սահմանագծումը, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էր հայտարարել, թե «սպասում են Զանգեզուրի միջանցքի բացմանն ամենասեղմ ժամկետում։

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---