1 հուլիսի 2022 - 21:32 AMT
ՀՀ-ն ու Թուրքիան սահմանը կբացեն 3-րդ երկրների քաղաքացիների համար

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, 2 երկիր այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Որոշվել է սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կողմերը նաև պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։ Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։