Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել

Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել

PanARMENIAN.Net - ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Aysor.am-ը:

Նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով՝ ՔՕ 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)։

Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, որի դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն և նա կմնա ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ զրույցը 2 ժամից ավելի է տևել, իսկ ձայնագրությունում «ծաղկաքաղն է ներկայացված»։

ԲԴԽ-ն դադարեցրել է կառույցի նախագահ (լիազորությունները կասեցված), դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումը հրապարակվել է ԲԴԽ նիստում՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հանձնախմբի միջնորդությունը:

Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր: Իսկ հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---