ԱԱԾ-ն դավաճանության դեպք է բացահայտել․ Զինծառայողը հավաքագրվել է սոցցանցի միջոցով

ԱԱԾ-ն դավաճանության դեպք է բացահայտել․ Զինծառայողը հավաքագրվել է սոցցանցի միջոցով

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը զինծառայողի կողմից պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտել։

Պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների: Վերջինս ok.ru սոցցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող՝ զորամասի նշանակության, դրա կազմում ընդգրկված ստորաբաժանումների տեսակի, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական դիրքերի կահավորվածության, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ։

Զինծառայողը նաև փոխանցել է զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, լուսանկարել և ուղարկել է զորամասի շինությունները, մարտական դիրքերը։ Տվյալների դիմաց զինծառայողը որպես վարձատրություն բանկային փոխանցումների միջոցով ստացել է գումարներ:

Հարուցված քրեական գործի շրջանակներում պետական դավաճանության մեջ մեղադրվող զինծառայողը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

ԱԱԾ-ն հորդորում է զինծառայողներին զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց և նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց: ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---