Թովմասյան․ Պատգամավորներին ընդդիմադիր գործունեության համար մանդատներից զրկելն անընդունելի է

Թովմասյան․ Պատգամավորներին ընդդիմադիր գործունեության համար մանդատներից զրկելն անընդունելի է

PanARMENIAN.Net - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավորներին ընդդիմադիր գործունեության համար մանդատներից զրկելն անընդունելի գործընթաց է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

ՀՀ ԱԺ խորհուրդը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ թվով 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:

«Թեպետ քվեարկություններից բացակայությունների և՛ քանակը, և՛ դրանց անհարգելի լինելը պետք է հաստատվեն գործի քննության ընթացքում, ամեն դեպքում մտահոգիչ է այն փաստը, որ ԱԺ խորհուրդը քննարկելու է ընդդիմադիր պատգամավորների վերաբերյալ նման որոշում կայացնելու հարցը, որոնք սույն թվականի ապրիլ ամսվա կեսերից մասնակցել են խաղաղ հանրահավաքներին և որպես ընդդիմադիր պատգամավորներ իրականացրել են ընդդիմադիր գործունեություն։

1. Պատգամավորներն իրացրել են ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով հավաքներին մասնակցելու իրենց իրավունքը, որը վերապահված է յուրաքանչյուրին, իսկ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում ԱԺ պատգամավորների վրա։

2. Խորհրդարանական բոյկոտը այլակարծության արտահայտման օրինական միջոցներից է` համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ 20.03.2021թ. համատեղ կարծիքի, որը տրամադրվել է Վրաստանի Հանրապետությունում ընդդիմադիր պատգամավորների կողմից որոշ օրենսդրական փոփոխությունների գործընթացներին չմասնակցելու կապակցությամբ։ Մասնավորապես, նշվել է, որ խորհրդարանական բոյկոտը քաղաքական դիսկուրսում այլակարծություն հայտնելու օրինական միջոց է (թեև երկարատև և ծավալուն բոյկոտները կարող են խոչընդոտել խորհրդարանական ցանկացած բովանդակալից երկխոսությանը և կարող են ազդել քաղաքական մասնակցության իրավունքի վրա՝ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով)։ Ընդունվել է նաև այն հայեցակետը, որ «ազատ միավորվելու և ազատ արտահայտվելու իրավունքները հիմնարար են ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեության համար: Քաղաքական կուսակցությունները՝ որպես քաղաքական արտահայտման հավաքական գործիքներ, պետք է կարողանան լիարժեք օգտվել նման իրավունքներից․․․

3. Ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները չեն կարող դադարեցվել իրենց ընդդիմադիր գործունեության համար։ Ժողովրդավար խորհրդարանում ընդդիմությանը վերաբերող՝ Վենետիկի հանձնաժողովի 2010թ. թիվ CDL-AD(2010)025 զեկույցի 149 կետի համաձայն՝ լավ գործող խորհրդարանական ժողովրդավարությունում պետք է լինի հավասարակշռություն մեծամասնության և փոքրամասնության միջև, որը ստեղծում է փոխգործակցություն, ինչի շնորհիվ էլ ապահովում է արդյունավետ, ժողովրդավար և լեգիտիմ կառավարում։ Այս կապակցությամբ գաղտնիք չէ, որ ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններով ներկայացրած օրինագծերը Ազգային ժողովում չեն ընդունվում։ Նման պայմաններում բացակայում է խորհրդարանում իշխող մեծամասնության և ընդդիմադիր փոքրամասնության միջև կառուցողական փոխգործակցությունը, ինչով և պայմանավորված է ընդդիմադիր պատգամավորների բոյկոտը»,-ասվում է գրառման մեջ։

Պատգամավորը նշել է, որ նման քայլը խորհրդարանական մեծամասնության կողմից անհամաչափ ուժի գործարկում է և զուրկ է քաղաքական խոհեմությունից։ Սույն հայտարարությամբ հորդորում եմ ևս մեկ անգամ դիտարկել ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը և չոտնահարել ՀՀ-ում առանց այդ էլ խոցելի դարձած ժողովրդավարական արժեքները։

Թովմասյանը նշել է, որ, վերոգրյալը հաշվի առնելով՝ չի մասնակցելու այդ օրակարգով հրավիրված ԱԺ խորհրդի նիստին, չնայած խորհրդի անդամ է։

‌ ‌

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---