ԱՄՆ-ն ՀՀ և Ադրբեջանի հետ քննարկում է ապաշրջափակմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը

ԱՄՆ-ն ՀՀ և Ադրբեջանի հետ քննարկում է ապաշրջափակմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Թրեյսին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, որը Twitter-ում գրել էր, թե «դրվատել է երկկողմ բանակցությունների արդյունքում առաջացած դրական թափը»։

Թրեյսիին հարցրել են․ «Վերջին 30 տարիներին մենք տարածաշրջանում դրական տեղաշարժերի մասին բազմիցս ենք լսել, սակայն տեղում իրերի դրությունը դրական առումով այդպես էլ չի փոխվել: Արդյո՞ք պատճառ կա ենթադրելու, որ այս անգամ մենք այլ ելք կունենանք»:

Դեսպանը նշել է, որ ճիշտ է կենտրոնանալ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգի վրա:

«Դա շատ ջերմ հեռախոսազրույց էր։ Պետքարտուղարն ընդգծել է իր ընկալումը, և ես կարծում եմ, որ դա Միացյալ Նահանգների ընկալումն է, որ մենք պատմական հնարավորություն ունենք առաջընթաց գրանցելու՝ տարածաշրջանում շատ երկարատև հակամարտության կայուն և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ։ Դա չի նշանակում, որ հեշտ է լինելու։ Դուք իրավացի եք, երբ անդրադառնում եք անցյալի շատ ծանր աշխատանքին ու դրան հաջորդած հիասթափություններին: Կարծում եմ, դրանք նախազգուշացումներ են, որ մենք պետք է նկատի ունենանք: Բայց, միևնույն ժամանակ, մենք այլընտրանք չենք տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա:

Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև ուրիշներ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար, և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք»,-ասել է դեսպանը:

Նրան խնդրել են մանրմասնել, թե ինչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը։

«Հայաստանի վարչապետի հետ զրույցի ընթացքում պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի դյուրացման գործում։ Կմանրամասնե՞ք՝ ինչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը: Կարո՞ղ ենք ավելի շատ ներգրավվածություն ակնկալել ԱՄՆ-ից, այնպես, ինչպես մենք տեսնում ենք ԵՄ կամ Ռուսաստանի դեպքում, որոնք մասնակցում են եռակողմ հանդիպումներին»,-հարցրել են դեսպանին։

Թրեյսին պատասխանել է, որ այն, ինչ քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

«Մենք շատ ենք կարևորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել: Որովհետև մենք տեսնում ենք, որ այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են և, երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության»,-ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իրատեսական է համարում հաշտեցումն այն պայմաններում, երբ Անկարան շարունակում է գործընթացը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ՝ Թրեյսին ասել է, որ պետք է շարունակել փորձարկել առաջարկներն ու ներգրավվածությունները, փորձել ոլորտները, որոնք առանձնացվել են Հայաստանի և Թուրքիայի կողմից։

«Մենք նաև տեսել ենք լավ բանակցություններ հատուկ բանագնացների մակարդակով, որոնց արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ սահմանային կետերի բացման վերաբերյալ: Մենք տեսել ենք որոշակի պայմանավորվածություն ուղիղ բեռնափոխադրումների վերաբերյալ: Մանրամասները պետք է մշակվեն, և կարծում եմ, որ այստեղ է, որ մենք կշարունակենք խրախուսել և՛ Հայաստանին, և՛ Թուրքիային առաջընթաց գրանցել և տեսնել, որ առաջընթացն այստեղ, ի վերջո, կարող է իր դրական ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական քննարկումներում»,-ասել է ԱՄՆ դեսպանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 25-ին տեղի ունեցած հարցազրույցում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է նրան ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Բլինքենն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---