1 օգոստոսի 2022 - 11:02 AMT
Արգելվել է երիտասարդ ՀՅԴ-ականի մուտքը ՀՀ․ Նրան 12 ժամ առանց բացատրության պահել են օդակայանում

ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվել է: Այդ մասին նա իմացել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Աբրահամյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Հուլիսի 31-ին Աբրահամյանը ՀՀ էր ժամանել` մասնակցելու Սյունիքում ՀՅԴ երիտասարդական միությունների կազմակերպված ամառային ճամբարներին:

«Երեկ գիշեր հասա Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի մասնակցեմ ՀՅԴ Երիտասարդականի կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում: Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,- ասվում է գրառման մեջ։

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Աբրահամյանին հետ ուղարկելու որոշումը կայացվել է առանց որևէ հիմնավոր բացատրություն կամ պատճառաբանություն ներկայացնելու։

«Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի ու ՀՅԴ Երիտասարդականի անդամների դեմ հալածանքներից հետո, այս ապազգային իշխանությունը թիրախավորել է նվիրյալ և ազգասեր սփյուռքահայ դաշնակցական երիտասարդությանը։

Նրանց մուտքը Հայրենիք կարգելվի և զուգահեռ այս իրողության՝ կարտոնվի թուրք ազգայնականների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ինչին ականատես եղանք վերջին շաբաթների ընթացքում։

Հաշվի առնելով, որ սահմանապահ ստորաբաժանումները գործում են հիմնականում ԱԱԾ-ի ենթակայության տակ, կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին պատշաճորեն իրականացնել իրենց սահմանված գործառույթները, չտրվել ապօրինի քաղաքական հրահանգների և գործել իրենց կանոնակարգի, առաքելության և կոչումին համաձայն՝ պաշտպանելու և ամրապնդելու ՀՀ և ԱՀ ազգային անվտանգությունը։

ՀՅԴ Երիտասարդականը, հակառակ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված բոլոր բռնաճնշումներին և հալածանքներին, շարունակում է մնալ իր հանձնառությանը հավատարիմ։

Ամեն գնով հեռացնել այս հանցավոր վարչախմբին, վերականգնել մեր խոցված արժանապատվությունը և վերջապես լծվել Հայաստանի և Արցախի հանրապետությունների խարխլված հիմնասյուների վերակառուցման աշխատանքին»,-ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 14-ին արգելվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, հայտնի սփյուռքահայ գործիչ Փափազյանի մուտքը ՀՀ, երբ Երեւանի օդանավակայանում նրան թույլ չի տրվել դուրս գալ օդանավակայանի տարածքից եւ ուղեկցել են դեպի վերադարձի օդանավ՝ առանց պատճառը ներկայացնելու։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանել էր, որ «տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը»։