3 օգոստոսի 2022 - 10:43 AMT
Բաքուն պահանջել է Արցախից ՀՀ հետ երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել

Ադրբեջանական կողմն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը ՀՀ հետ նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ: Հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդի օգոստոսի 2-ի ընդլայնված նիստում, որին մասնակցել են նաև Արցախի ԱԺ քաղաքական ուժերը, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում նաև` ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը:

Քննարկվել է նաև շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը: Զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Նախարարի խոսքով՝ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, և Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին՝ առանց մարդկային ու դիրքային կորուստների:

Ադրբեջանն այլընտրանքային ճանապարհն իր տարածքում արդեն կառուցել է, հայկական կողմը շինարարությունը սկսելու է օգոստոսին։

2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ կողմերի համաձայնեցմամբ, առաջիկա 3 տարում կորոշվի ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուս խաղաղապահ զորախմբի հետագա վերատեղակայմամբ, այդ երթուղում պահպանությունն ապահովելու նպատակով։

Դեռևս ապրիլին Ադրբեջանում հրապարակվել էին Լաչինի միջանցքի շրջանակում Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարության լուսանկարները։ Լաչինի միջանցքն անցնում է Բերձոր և Աղավնո բնակավայրերով, որոնք, ենթադրաբար, նոր ճանապարհը շահագործման հանձնելուց հետո, անցնելու են Ադրբեջանին։ ‌