ԱՀ ԱԺ․ Վերջին դեպքերը մեկ անգամ ևս փաստում են՝ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունն Արցախի համար բացառված է

ԱՀ ԱԺ․ Վերջին դեպքերը մեկ անգամ ևս փաստում են՝ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունն Արցախի համար բացառված է

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները, «Ազատ Հայրենիք – ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վերջին դեպքերը մեկ անգամ ևս փաստում են՝ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունն Արցախի համար բացառված է:

Նշվում է, որ օգոստոսի 1-ից Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ստորաբաժանումները դիմել են սադրիչ ռազմական գործողությունների, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ:

«ԱՀ Աժ խմբակցությունները Ադրբեջանի հերթական ոտնձգությունները համարում են 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում, որը նպատակ է հետապնդում շարունակել հայատյացության քաղաքականությունը և խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում: Ադրբեջանը Հայաստանին և Ռուսաստանին պարբերաբար մեղադրում է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները չկատարելու մեջ, այն պարագայում, երբ այդ հայտարարության գրեթե որևէ կետ չի կատարվել հենց Ադրբեջանի կողմից:

Այս վարքագիծը մեզ համար նորություն չէ։ Ադրբեջանը մշտապես վարել է էթնիկ զտումների, բռնատեղահանության քաղաքականություն, հետևողականորեն խախտելով Արցախի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու իրավունքները։ Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։ Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք միջազգային հանրության լռությանը և այդ ժամանակահատվածում Արցախի ժողովրդի դեմ կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման, որի պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները։

- Կոչ ենք անում տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել կանխելու համար նոր ոճրագործությունները․

- հորդորում ենք ռուս խաղաղապահներին իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու շփման գծում կայունության հաստատումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Գլուխ խոնարհելով Արցախյան ազատագրական պայքարի բոլոր զոհերի առջև՝ ԱՀ ԱԺ-ն մեկ անգամ ևս հաստատել է Արցախի ժողովրդի «ազատ և անկախ պետություն ունենալու իրավունքը՝ որպես անվտանգ ու ապահով ապրելու միակ գրավական»։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---