ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի խոսել Լաչինի միջանցքի շուրջ պայմանավորվածություններից, քանի որ «թեման զգայուն է»

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի խոսել Լաչինի միջանցքի շուրջ պայմանավորվածություններից, քանի որ «թեման զգայուն է»

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաևը, ճեպազրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է՝ քանի որ թեման զգայուն է, քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները չի հրապարակի։

‌«Բոլոր հարցերը, այդ թվում իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ, խորհրդակցությունների առարկա են հանդիսանում՝ այնպիսի լուծում գտնելու համար, որը կգոհացնի ադրբեջանական և հայկական կողմերին։ Հաշվի առնելով խնդրի զգայունությունը, քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները չենք հրապարակի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նեչաևն ասել է նաև, որ իրավիճակը տարածաշրջանում Մոսկվայի ուշադրության կենտրոնում է։

«Ռուսական կողմը մշտական շփման մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ ինչպես բարձր մակարդակով, այնպես էլ ՊՆ, ԱԳՆ, ռուսական այլ գերատեսչությունների մակարդակով»,-ասել է նա՝ հիշեցնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսի 2-ին և 8-ին կայացած հեռախոսազրույցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նա հավելել է, որ ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներ են ունեցել նաև ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

ԱՀ իշխանությունները տեղեկացրել են Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը, որը Լաչինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցել, սակայն հայկական կողմում շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնեն նոր երթուղին։

‌Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

‌ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Սակայն, այս հայտարարություններից հետո, հայտարարվեց հայ բնակչության տարհանման մասին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---