ՀՀ-ում արտադրված կաթի մեջ հակաբիոտիկներ են գտել, իսկ ձկնամսի՝ հորմոնների մնացորդներ

ՀՀ-ում արտադրված կաթի մեջ  հակաբիոտիկներ են գտել, իսկ ձկնամսի՝ հորմոնների մնացորդներ

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթաների ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը և ՀՀ կառավարության ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը համատեղ իրականացրել են սննդամթերքում քիմիական վտանգների (ծանր մետաղներ, հակամանրէային նյութեր և աճի խթանիչներ) ռիսկի գնահատման աշխատանքներ: Արդյունքում Հայաստանում արտադրված կաթի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ, իսկ ձկնամսի մեջ՝ հորմոնների մնացորդներ:

Չնայած, սննդակարգային ներգործությամբ պայմանավորված, առողջական ռիսկերը գտնվել են թույլատրելի տիրույթում, այնուամենայնիվ, վերջինս արտահանման լուրջ խոչընդոտ է։ Իսկ կաթում և կաթնամթերքում թունավոր տարրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առկա են առողջական մտահոգություններ՝ կապարի և կադիմումի ներգործությամբ պայմանավորված:

«Հետազոտության նպատակն էր գնահատել հանրապետության արհեստական լճակային տնտեսություններում աճեցված ձկան մսում հորմոնների մնացորդային պարունակությունները և դրանց սննդակարգային ներգործությամբ պայմանավորված ռիսկերը: Աճի խթանիչների մնացորդային քանակությունը որոշվել է իմունաֆերմենտային անալիզի մեթոդով և հաստատվել հեղուկային քրոմատոգրաֆիայի մաս սպեկտրաչափական եղանակով: Որոշ ձկնանմուշներում հորմոնների պարունակությունը գերազանցել է թույլատրելի չափաքանակը: Սակայն, սննդակարգային ներգործությամբ պայմանավորված, հնարավոր առողջական ռիսկեր չեն հայտնաբերվել։ Սա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է աչալուրջ լինեն, քանի որ սա արտահանման լուրջ խոչընդոտ է: Իսկ կաթում հակաբիոտիկների ռիսկի գնահատման աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում կիրառվում են արգելված հակաբիոտիկներ։

Հակաբիոտիկների նշված քանակների դեպքում, կաթի սպառմամբ պայմանավորված, հանրային առողջական խնդիրներ չեն բացահայտվել: Այնուամենայնիվ, սա արտահանման լուրջ խոչընդոտ է, և նշված արդյունքները պետք է հաշվի առնել պետական վերահսկողության համար»,- ասել է Դավիթ Պիպոյանը։

Նա նշել է, որ հետազոտել են կաթում և կաթնամթերքում հավանական թունավոր տարրերի պարունակությունը, ինչպես նաև կատարել, մթերքի սպառմամբ պայմանավորված, առողջական ռիսկի գնահատում։ «Սննդի սպառման առանձնահատկություններն ուսումնասիրվել են սննդակարգի 24-ժամյա հետկանչի մեթոդով: Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ առկա են առողջական մտահոգություններ՝ կապարի և կադիմումի ներգործությամբ պայմանավորված»,- ասել է Դավիթ Պիպոյանը։

Ըստ նրա՝ հետազոտությունների արդյունքները խիստ կարևոր կիրառական նշանակություն ունեն պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։ Դավիթ Պիպոյանը նշել է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքները մեծ արձագանք են ստացել, մասնավորապես, միջազգային հեղինակավոր կառույցների կողմից։ Համատեղ աշխատանք է տպագրվել Իտալիայի առողջապահության ազգային ինտիտուտի հետ։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, հետևաբար, ձկնաբուծության բնագավառում աճի խթանիչների կիրառումը կարգավորվում է սննդամթերքի անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով (ТР ТС 021/2011)։ Վերջինիս համաձայն՝ կենդանական ծագման մթերքում չպետք է պարունակվեն բնական կամ սինթետիկ հորմոնային նյութեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---