ԱԱԾ․ ՀՀ քաղաքացին ռազմական բնույթի տվյալներ է հայտնել ամսական $500-ի խոստման դիմաց

ԱԱԾ․ ՀՀ քաղաքացին ռազմական բնույթի տվյալներ է հայտնել ամսական $500-ի խոստման դիմաց

PanARMENIAN.Net - Պետական դավաճանության հատկանիշներով հարուցված վարույթներից մեկով կազմվել է եզրափակիչ դատավարական ակտ և կալանքի տակ գտնվող անձի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հավաքագրված լինելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, վերջիններին փոխանցել է ծառայության բերումով իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի տեղեկություններ, որից հետո պարտավորագիր է գրել հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համագործակցության վերաբերյալ, ստացել համապատասխան ծածկանուն և յուրաքանչյուր ամսվա համագործակցության դիմաց 500 դոլար վարձատրության խոստում:

Դրանից հետո, հիշյալ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում, տիրապետելով ռեակտիվ համակարգից մարտական արձակումների հմտություններին և ղեկավարելով զորամասի հաշվեկշռում գտնվող ռեակտիվ համակարգերից մեկը, ՀՀ ՊՆ համար N զորամասի համապատասխան ծառայության կողմից տրված և վերստուգված ճշգրիտ կոորդինատների առկայության պայմաններում իր ղեկավարած մարտական ռեակտիվ համակարգից դիտավորությամբ կատարել է ոչ նպատակային կրակային արձակումներ և չի խոցել հակառակորդի կրակային նշանակետերը, ինչի արդյունքում հնարավոր չի եղել կատարել հաշվարկի առջև դրված մարտական առաջադրանքը։

Նշվում է, որ տվյալ անձը հավաքել և քողարկված ինտերնետային կապի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին տեղեկություններ է տրամադրել ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, պատերազմի ընթացքում ունեցած զինտեխնիկայի կորստի վերաբերյալ՝ տրամադրելով նաև իր ծառայության զորամասի դիվիզիոնի զինծառայողների՝ անձնակազմի քանակի, զբաղեցրած հաստիքների, ամրակցված զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաստիքացուցակը, զինծառայության անցնելու պայմանների վերաբերյալ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթերը:

Բացի այդ, հիշյալ անձը խոստացել է հավաքել ու 4000 դոլար վարձատրության դիմաց վերջիններին հանձնել պետական գաղտնիք հանդիսացող ՀՀ ՊՆ համար N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական պատրաստվածության պլանը, քարտեզները և մարտական կարգադրությունները, սակայն չի կարողացել հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել, քանի որ բացահայտվել է ԱԱԾ կողմից:

Նույն անձը պատերազմի ընթացքում վարելով ՀՀ ՊՆ համար N զորամասին ամրակցված, ռազմական տեխնիկա հանդիսացող ռեակտիվ համակարգի ավտոմեքենան, նպատակ ունենալով դիտավորությամբ վնասել այն և նույն զորամասի մեկ այլ ռազմական տեխնիկա հանդիսացող տրանսպորտալիցքավորման ավտոմեքենան ու դրա վրա տեղադրված ռազմամթերք հանդիսացող ռեակտիվ արկերը, տեսնելով իր վարած տրասնպորտային միջոցի հետնամասում կայանված հիշյալ ավտոմեքենան, կտրուկ հետընթաց է կատարել և հետնամասով բախվել է հիշյալ ավտոմեքենային՝ վնասելով այն և դրա վրա բեռնված ռեակտիվ արկերը, որի արդյունքում հիշյալ ռազմական տեխնիկան 44-օրյա պատերազմի ընթացքում տևական ժամանակ չի օգտագործվել մարտական խնդիրների լուծման նպատակով։

Այսպիսով, գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաև խոչընդոտել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը։

Նշվում է, որ միայն 2022-ի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել ընդհանուր 8 քրեական վարույթ 15 անձի վերաբերյալ։ ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---