Սիրանուշ Սահակյան․ Վերջին հարձակման արդյունքում հայ գերիների թիվը կարող է հասնել 20-ի

Սիրանուշ Սահակյան․ Վերջին հարձակման արդյունքում հայ գերիների թիվը կարող է հասնել 20-ի

PanARMENIAN.Net - Հայաստանի վրա ադրբեջանական զինված ուժերի վերջին հարձակման հետևանքով հայ գերիների թիվը կարող է հասնել 20-ի։ Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, տեղեկացնում է «Հրապարակը»։

«Այս նոր միջադեպերով պայմանավորված, բնականաբար, կան գերիներ։ Դրանք տասնյակը գերազանցում են։ Այս պահին մենք կարծում ենք, որ մոտ երկու տասնյակ գերի կա։ Տեսանյութերն ուսումնասիրվում են և նույնականացման աշխատանքներ են այս պահին ընթանում՝ պետական կառույցների կողմից և նաև փաստահավաքություն իրականացնող մարդու իրավունքների պաշտպանների կողմից»,- ասել է նա։

Իրավապաշտպանը նշել է, որ Կարմիր խաչը ևս տեղեկատվություն հավաքագրում է՝ հարազատների դիմումի հիման վրա, ուստի, բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այդ տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։

«Եթե չկան անձի մասին տեղեկություններ՝ ևս պետք է այդ տեղեկատվությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին»,-ասել է նա։

Սահակյանը նշել է, որ աշխատանքներում ներգրավված է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը` Եղիշե Կիրակոսյանի ղեկավարությամբ։

«Անհապաղ միջոցների վերաբերյալ խնդրագրեր ուղարկվել են։ Իրենք ևս տեղեկություններ են ստանում հարազատներից ու նույնականացում են իրականացնում»,-ասել է նա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---