20 սեպտեմբերի 2022 - 11:59 AMT
Ռուբինյան․ Փելոսիի այցի որևէ հատվածում Իրանի դեմ ուղղված կոնտեքստ չկար և չէր կարող լինել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի արտահայտությանը Խանջյանի «Վարդանանք» կտավի ֆոնին, ասել է, որ Իրանի դեմ ուղղված կոնտեքստ չկար և չէր կարող լինել։

Նա ասել է, որ կտավի հետ կապված խնդիրը «օդից վերցրած թեմա է, որը նույնիսկ չարժե քննարկել»։

Նենսի Փելոսին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իր ելույթի ժամանակ, որը տեղի էր ունեցել Ավարայրի ճակատամարտը պատկերող Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավի ֆոնին, մատնացույցն անելով կտավը, ասել է, որ այստեղ պատկերված է «պարսիկների դեմ քրիստոնյա հայերի պայքարից մի դրվագ»։ Այդ խոսքերը ոչ միանշանակ են ընդունվել՝ ոմանք համարում են, որ դրանք հակաիրանական ուղղվածություն ունեն։

Ռուբինյանը հավելել է նաև, որ որևէ հակաիրանական արտահայտություն չի բխում առաջին հերթին ՀՀ շահերից՝ նշելով, որ այս իրավիճակում Իրանն այն պետություններից է, որ միանշանակ դիրքորոշում է հայտնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ։

«Ակնհայտ է, որ մեր և Իրանի շահերը համընկնում են, ակնհայտ է նաև, որ տիկին Փելոսիի այցի որևէ հատվածում Իրանի դեմ ուղղված որևէ կոնտեքստ չկար և չէր կարող լինել»,- ասել է Ռուբինյանը։ ‌