Արցախի ԱԳ նախարարն ԱՄՆ Կոնգրեսում միջոցառմանն ընդգծել է` ԱՀ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

Արցախի ԱԳ նախարարն ԱՄՆ Կոնգրեսում միջոցառմանն ընդգծել է` ԱՀ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանն ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը և հանդես եկել ելույթով։ Նա անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախում տիրող իրավիճակին։

Բաբայանը նաև ընդգծել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ շեշտելով, որ բռնապետական Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիվ և ցեղասպան քաղաքականությունն Արցախի նկատմամբ հղի է լուրջ մարտահրավերներով. անտարբերությունը, առավել ևս ռազմատենչ քաղաքականության խրախուսումը առաջացնելու են գոյաբանական վտանգներ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը կարևորում է խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։

Խոսելով Ամերիկայի հայկական համայնքի մասին՝ նախարարը նշել է, որ այն Սփյուռքի ամենակայացած և ուժեղ հատվածներից է։ Դավիթ Բաբայանը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը ամերիկահայերի հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար։

Միջոցառման ընթացքում նախարարը բարձր է գնահատել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դատապարտման գործում՝ այն համարելով ժողովրդավարության և մարդասիրության սկզբունքների օրինակելի դրսևորում։

Միջոցառմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---