21 սեպտեմբերի 2022 - 12:49 AMT
ՀՀ անկախության 31-րդ տարեդարձն է

Սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհի հայերը նշում են ՀՀ անկախությունը օրը. 1991 թվականին հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:

Այսօր ՀՀ անկախության 31-րդ տարեդարձն է, որը, սակայն, առաջին անգամ չի նշվում որևէ միջոցառմամբ՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի պատճառով, որի հետևանքով, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած։

1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցին «այո» է պատասխանել քվեարկողների 99 տոկոսից ավելին, հանրաքվեին մասնակցել էր բնակչության ընտրական իրավունք ունեցողների 95.5 տոկոսը՝ 2,163,967:

Հաջորդ օրը հրապարակվել է ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենեք մեր ոգեւորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Հայաստանը լիակատար անկախություն ձեռք բերեց նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

Երևանում Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթներ են կազմակերպվել 1992, 1996, 1999, 2006, 2011 և 2016 թվականներին։ 2016 թվականին տեղի է ունեցել Հայաստանի անկախության քսանհինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդես, որը իր մասշտաբներով եղել է ամենախոշորը Հայաստանի պատմության մեջ։ ‌