Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է ազգային օրենսդրության շրջանակում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար

Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է ազգային օրենսդրության շրջանակում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար

PanARMENIAN.Net - Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության կապերի բացման թեմային։

Նա նշել է, որ Ադրբեջանը փորձում է այս քննարկման մեջ Հայաստանին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ։

«Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։ Ավելին, օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթևեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո։

Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական պնդումների իմաստը։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ։

Մենք Ադրբեջանի հետ փոխանակվել ենք կոմունիկացիաների բացման թեմայով առաջարկների փաթեթներով, և եթե Ադրբեջանն ընդունի, որ այդ երթուղիները պետք է գործեն ազգային օրենսդրության համաձայն, մենք կարող ենք այս հարցով շատ արագ որոշման հանգել։

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև նաև Ադրբեջանը պետք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին։ Եվ մենք դեռ ոչինչ չենք ստացել»,-ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է միջանցքային ձևակերպմանը, ապա Փաշինյանն ասել է, որ շատ կաևոր է նշել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար։

Փաշինյանը նաև ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիայի հետևանքները: Վարչապետն ասել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի, սահմանզատման և մյուս բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։

Նա նշել է նաև, որ տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է, որտեղ հասցեագրվելու և երաշխավորվելու են ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---