Զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ են․ 13 օր լուր չունեն որդիներից

Զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ են․ 13 օր  լուր չունեն որդիներից

PanARMENIAN.Net - Բանակում ծառայություն անցնող զինծառայողների ծնողները հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ։ Նրանք ասում են, որ 13 օր է՝ տեղեկություն չունեն իրենց զավակների մասին։

«Միայն գիտենք, որ գտնվում են Վերին Շորժայի տարածքում ինչ–որ ձորակի մեջ` վիրավոր և զոհված։ Դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մենք որևէ պատասխան ենք ուզում։ Իմ տղան 1.5 տարվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Վերջին լուրը սեպտեմբերի 13-ի առավոտյան եմ նրանից ստացել։ Հիմա ես չգիտեմ` իմ տղան գերեվարվել է, զոհվել է, թե վիրավոր է»,–ասել է զինծառայողներից մեկի հայրը` Սերժ Ղազարյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` իրենց երեխաների ճակատագիրն անհայտ է, գուցե իշխանությունն ինչ–որ քայլեր է անում, սակայն արդյունքների մասին որևէ տեղեկություն չկա։

Ղազարյանը նշել է, որ ՊՆ–ի մոտ են հավաքվել` ակնկալելով, որ այստեղ կպատասխանեն իրենց հարցերին։

«Պատկերացնում եք՝ 13 օր, ձորակի մեջ դիերը գելերը, աղվեսներն արդեն հոշոտած կլինեն, ոնց պետք է տանենք տանք էդ ծնողներին»,- նշել է նա՝ հավելելով, որ դիմում են բոլոր կառույցներին, որևէ մեկը միջոցներ չի ձեռնարկում, գրում է Panorama. am-ը։

Ծնողը նշել է, որ Վերին Շորժայի հատվածում գտնվող դիրքն անցել է ադրբեջանական հսկողության տակ։

«Միթե՞ կարելի է էսպես մատների արանքով նայել զինվորներին։ Այսօր մենք մեր 18 տարեկան քաջարի տղաներին ուղարկում ենք՝ սահման պահելու, իսկ իրենք էսպես մատների արանքով են նայում »,- ասել է նա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---