Հայաստանի նախագահը իրանական խոսնակին պատմել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին

PanARMENIAN.Net - Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Զրուցակիցներրը բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամության պատգամավորական խմբի աշխատանքները` կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման ու զարգացման հարցում: Անդրադառնալով բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում քննարկվող ծրագրերին, Իրանի Մեջլիսի նախագահը նկատել է, որ դրանք իրատեսական են եւ իրագործելի: Ալի Լարիջանիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայաստանյան իշխանությունների ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների մասին: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի տարբեր խնդիրների վերաբերյալ:

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական այցի շրջանակում այսօր ՀՀ նախագահը կհանդիպի Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ, ծաղկեպսակ կդնի Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր-առաջնորդ Այաթոլլա Խոմեյնիի դամբարանին: Տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթերի ստորագրումից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Մահմուդ Ահմադինեժադը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

«Արարատ» մարզամշակութային համալիրում իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---