ԱԽ քարտուղար․ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում, Ադրբեջանի հետ քննարկում ենք փոխկապակցված 4 օրակարգ

ԱԽ քարտուղար․ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում, Ադրբեջանի հետ քննարկում ենք փոխկապակցված 4 օրակարգ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ադրբեջնական վերջին ագրեսիային, նշել է, որ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում և իր հետ բերում հավելյալ անվտանգության երաշխիքներ, գրում է Ամերիկայի ձայնը։

Հարցարույցը կայացել է սեպտեմբերի 28-ի սահմանային վերջին բախումից առաջ, որի արդյունքում ադրևբեջա ական կրակից 3 հայ զինծառայող է զոհվել։

Նա մատնանշել է երկու հիմնական գործոն, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին սեպտեմբերի 13-ի և հաջորդ օրերի ռազմական վերջին բախումների ժամանակ: Ըստ նրա՝ դրանք են հայկական բանակի պատասխան գործողություններն ու ամերիկյան կողմի ներգրավվածությունը։

«Պետքարտուղար Բլինքենի անձանբ ներգրավումը, ով մի քանի զանգ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև այլ մակարդակներում ԱՄՆ ինտենսիվ ներգրավվածությունը փորձել է կանգնեցնել էսկալացիան: Այս առումով այս երկու գործոնն են կարևոր դեր խաղացել՝ այսինքն հայկական բանակի պատասխանը և ամերիկյան կողմի ներգրավվածությունը»,- ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը՝ Գրիգորյանն այն արդյունավետ է համարել։

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաները: Դրանք առնչվում են ապաշրջափակման, դելիմիտացիայի, սահմանային անվտանգության, ինչպես նաև այլ հարցերի հետ, որոնք տարածաշրջանին բերում են կայունություն և խաղաղություն»,-ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված 4 օրակարգ, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:

«Այս ուղղություններով հստակություն ենք փորձել մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում, և այս ամենի հետ փոխկապակցված կա խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս թեմաների շուրջ է եղել կոնկրետությունը, թե ինչպես ենք առաջ շարժվում»,-ասել է նա:

Գրիգորյանը հիշեցրել է, որ բացի իրենց հանդիպումների ձևաչափից, հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում այլ ձևաչափերով ևս՝ արտգործնախարարների, փոխվարչապետերի ու ազգային անվտանգության ծառայության պետերի մակարդակով: Այս ամենի հետ մեկտեղ, ըստ Գրիգորյանի, առկա են նաև երկրների ղեկավարների հանդիպումները, որոնք կապված են այլ ձևաչափերում արձանագրված առաջընթացի հետ:

ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ անդրադառնալով իր մասնակցությամբ Սպիտակ տանը սեպտեմբերի 27-ի բանակցություններին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև գրել էր, որ հյուրընկալել է Հաջիևին և Գրիգորյանին ուղիղ և կառուցողական բանակցությունների համար։ Սալիվանը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են հետագա բռնություններից խուսափելու և ժամանակային ու կենտրոնացված բանակցություններ վարելու հետ կապված հարցեր: Մենք նաև բացահայտեցինք առաջ շարժվելու կոնկրետ քայլեր՝ կայուն խաղաղության հաստատմանն աջակցելու համար, հայտնել է Սալիվանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---