3 հոկտեմբերի 2022 - 11:29 AMT
Մարուքյանը՝ Կլաարի գրառման մասին․ Թույլ չենք տալու հավասարեցնել պատերազմական հանցագործության զոհին և հանցագործին

Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի նոր գրառմանը, թե «տեսանյութեր է ստացել Ադրբեջանի դեմ պատերազմական հանցագործությունների մասին», նշել է, որ թույլ չեն տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Տոյվո Կլաարի երկրորդ գրառման մեջ ասվում է․ «Այսօր ինձ մի քանի տեսանյութ են ուղարկել որոնք հավանաբար, ցուցադրում են ադրբեջանցիների դեմ կատարված պատերազմական հանցագործությունները։ Այս դեպքում ևս հարկավոր է քննել և պատասխանատվության կանչել իրական հանցագործներին։ Հակամարտությունը խորը վերքեր է թողել երկու կողմի մոտ և դրանք ամոքելու համար ևս պատասխանատվություն է պետք»։

«Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում: Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում` 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերզմական հանցագործություններ: Դրանից հետո շատ արագ զոհի և հանցագործի միջև դրվում է հավասարության նշան (իբր երկու կողմերն էլ նույնն են արել):

Ավելին, փորձել լայնամասշտաբ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ դեպք համեմատել խաղաղության պայմանագրի տեքստ քննարկելու ընթացքում իրականացված ակնհայտ պատերազմական հանցագործության հետ, ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Վստահ եմ, որ հայկական ուժերը երբեք նման պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ մենք տեսանք այս զազրելի տեսանյութում:

Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև»,-ասվում է գրառման մեջ։

Տոյվո Կլաարը, մեկնաբանելով ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը, իր առաջի գրառման մեջ գրել է, թե տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է՝ առանց ագրեսորին մատնանշելու: «Եվս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ իբր գնդակահարում են հայ ռազմագերիներին: Եթե այս տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, որը պետք է քննել, իսկ մեղավորներին՝ պատժել», -գրել էր նա Twitter-ում:

Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է արել՝ իբր հայերի կողմից ադրբեջանցիների հանդեպ ռազմական հանցագործությունների մասին։