4 հոկտեմբերի 2022 - 11:14 AMT
Հայ ռազմագերիների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան

Հայ ռազմագերիների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան, ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։

«Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը»,- ասվում է գրառման մեջ:

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։