«Հայաստան». Թաքնվելով «հավաստի աղբյուրի» անվան տակ՝ իշխանությունը պատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների

«Հայաստան». Թաքնվելով «հավաստի աղբյուրի» անվան տակ՝ իշխանությունը պատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի օրվա իշխանությունների հանցավոր անգործությունից ու մուրացկանային քաղաքականությունից, ոտնձգություններ է իրականացնում ՀՀ նկատմամբ, օկուպացված են ՀՀ տարածքները, վտանգված է ինքնիշխանությունը և ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը:

Անդրադառնալով «հավաստի աղբյուրի» անվան տակ վերջին հրապարակումներին «Հայկական ժամանակում»՝ նշվում է, որ, թաքնվելով այդ անվան տակ, «իշխանությունը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների»։

«Միևնույն ժամանակ արձանագրում ենք «խաղաղության դարաշրջան» խոստացած ու այդ խոստմամբ խաբեությամբ քվե կորզած օրվա իշխանությունների լիակատար ձախողումն արտաքին քաղաքականության, բանակաշինության, պետական կառավարման ոլորտներում: Այս ամենը վկայում է Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմության մասին։

Մեզ համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ անկախության հռչակագրին հակասող հայտարարությունները։

Մենք դրական ենք գնահատում Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստում վերահաստատված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչում։

Դատապարտում ենք իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը վերջնականապես փլուզում է անվտանգության այն փխրուն համակարգը, որը դեռևս հայկական պետականությանը հնարավորություն է տալիս գոյություն ունենալ:

Թաքնվելով «հավաստի աղբյուրի» անվան տակ՝ օրվա իշխանությունը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների և զուգահեռաբար խրախուսում հակառուսական հիստերիան՝ փորձելով իր ձախողումների մեղավորներ նշանակել: Եվ դա այն դեպքում, երբ Արցախի անվտանգության ու արցախահայության կյանքի իրավունքը ռուսական խաղաղապահներն են ապահովում, իսկ հայ-թուրքական սահմանին ռուսական ռազմաբազա է տեղակայված:

Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված մեր ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի Ռուսաստանի Դաշնության ու ՀԱՊԿ-ի վարքագծի պահով, բայց այս ամենով հանդերձ անընդունելի է «Հավաստի Աղբյուրի» ու նրա քարոզչագործիքների անունից իրականացվող քաղաքականությունը՝ Հայաստանում հակառուսական մթնոլորտ ձևավորելու և մեր երկիրն աշխարհաքաղաքական սուր հակամարտության թատերաբեմ դարձնելու ուղղությամբ:

Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք հակադրության մեջ մանրադրամ դարձնելու օրվա իշխանության արկածախնդրային քաղաքականությունը մեր երկրի համար կործանարար հետևանքների կարող է հանգեցնել: Համոզված ենք, որ միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր ռազմավարական-դաշնակցային-բարեկամական հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի ու Իրանի հետ, ինչպես նաև վստահելի, կանխատեսելի ու հարգանք վայելող գործընկեր դառնալ Արևմուտքի հետ հարաբերություններում:

ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները չեն կարող սակարկման առարկա դառնալ։ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ենթակա են պաշտպանության բոլոր միջոցներով։ Մենք կողմ ենք հարևանների հետ համակեցության կանոններ գտնելուն ու հարաբերություններ հաստատելուն, բայց դրանք չպետք է լինեն մեր անվտանգության ու արժանապատվության հաշվին։ Դեմ ենք միջպետական կոմունիկացիաների գործարկումը միջանցքային տրամաբանությամբ իրականացնելուն։

Իրական ու արժանապատիվ խաղաղությունը հնարավոր է ապահովել միայն պետության արդյունավետ ներքին ու արտաքին քաղաքականությամբ, պրոֆեսիոնալ թիմով, բանակի վերականգնմամբ, հանրային լայն համախմբում ու համերաշխություն ապահովելով, Հայաստանի կողմից նոր բանակցողով»,-ասվում է հայտարարության մեջ։ ։

«ՀԺ»-ն, «հավաստի աղբյուրին» հղումով, հրապարակել է Ադրբեջանի պահանջները ՀՀ-ից 5 կետով․ 1) ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, 2) ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի, այսինքն՝ 0 կարգավիճակով, 3) Միջանցք Հայաստանի տարածքով, 4) Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը), 5) Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

ՌԴ-ին առնչվող «ՀԺ» երկրորդ հոդվախում ասվում է, որ «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---