15 ապրիլի 2009 - 14:30 AMT
Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը համալրվել է Ռուսաստանից ժամանած մարզիկներով
Երեւան ժամանեց Ռուսաստանից հրավիրված հայ պատանի բասկետբոլիստների խումբը: Պատանի բասկետբոլիստները այսօրվանից Երեւանում ուսումնա-մարզական հավաք կանցկացնեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայում:

Ներկայումս Ռուսաստանում ելույթ են ունենում տասնյակ հայ պատանի մարզիկներ, որոնք կարող են համալրել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների պատանեկան հավաքականը: Այդ նպատակով էլ Ռուսաստանից հրավիրել են առավել աչքի ընկնող 6 բասկետբոլիստներ:

Վաղը Երեւան կժամանի նաեւ Ռուսաստանում աշխատող հայտնի սերբ մարզիչ Ալեքսանդր Դրուիչը: Վերջինիս գլխավորած թիմերը Ռուսաստանի պատանեկան առաջնություններում բազմաթիվ հաղթանակներ են տոնել: Դրուիչը Հայաստանում կհանդիպի ՀԲՖ-ի ղեկավարության, հայ մարզիչների հետ: Հայ պատանիները մի քանի օր կմարզվեն նրա գլխավորությամբ: