Ոստիկանական գվարդիա կձևավորվի

Ոստիկանական գվարդիա կձևավորվի

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ Ոստիկանական գվարդիայի ձևավորման վերաբերյալ քննարկում է տեղի է ունեցել՝ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ։

Գվարդիան ընդգրկելու է Ոստիկանության զորքերը, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները: Ըստ այդմ՝ Գվարդիան, ըստ էության, սպասարկելու է հիմնական հետևյալ գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը աջակցելը:

Սարգսյանը նշել է, որ ներկայում Ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների (համապատասխանաբար արտաքին և ներքին) զուգակցում, որը չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելու կարգը գտնվում է ռազմաիրավական օրենսդրության տիրույթում և լինելով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում՝ ծառայությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով: Ուստի, անհրաժեշտ է ոստիկանական զորքերի ապառազմականացում և «մաքուր» ոստիկանական ծառայության իրականացում Գվարդիայի տանիքի ներքո:

Այս փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերելու են ֆունկցիոնալ բազայի վերանայմանը, կառուցվածքի փոփոխությանը, կադրերի ներգրավման կարգի փոփոխությանը, սոցիալական երաշխիքների վերանայմանը, կադրերի կրթության մեխանիզմի փոփոխությանը: Մշակվելու է հստակ ճանապարհային քարտեզ՝ ժամանակացույցով և պատասխանատուների շրջանակով:

Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանն ընդգծել է, որ նախատեսվող բարեփոխումների արդյունքում Ոստիկանության զորքերը պետք է իրապես լինեն պատրաստված, գործառույթների ծավալը պետք է լինի հստակ, իսկ դրանց իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածությունը՝ անհրաժեշտ ու բավարար:

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում, գույքագրվել են մասնակիցների կողմից բարձրաձայնված խնդիրները:

Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը, պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---