Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Դուք ի՞նչ է՝ չգիտեք մեր դիրքորոշումը, ի՞նչ ճանապարհային քարտեզ

Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Դուք ի՞նչ է՝ չգիտեք մեր դիրքորոշումը, ի՞նչ ճանապարհային քարտեզ

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած 2 ակնկալիքին՝ քաղաքական գնահատական տալու Բաքվի ագրեսիային և ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի մասին, ասել է՝ «դուք ի՞նչ է՝ չգիտեք մեր դիրքորոշումը, ի՞նչ ճանապարհային քարտեզ»։

«Դուք ի՞նչ է՝ չգիտեք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարևան պետությունների միջև հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով։

Երկրորդ հարցը․ Տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության ճանապարհային քարտեզը։ Ի՞նչ ճանապարհային քարտեզ։ Ես ձեզ ուղիղ եմ ասում․ նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է՝ խնդրեք ՌԴ նախագահին, և որոշում կայացրեք։ Այսօր չկայացնեք՝ ավելի վատ է լինելու, ինքներդ եք հասկանում։ Հասկացեք վերջապես, մեզ պետք չէ այս հակամարտությունը։ Սա ոչ թե մի կողմից ՀԱՊԿ-ն ու ՀԱՊԿ անդամներն են, մյուս կողմից՝ Ադրբեջանը։ Երկուսն էլ մեզ բարեկամ երկրներ են, բոլորս ԱՊՀ անդամ ենք»,-ասել է Լուկաշենկոն։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը թշնամի կամ հակառակորդ չէ նիստին ներկա անդամ պետություններից ոչ մեկի համար։

«Այսօր Ադրբեջանը ղեկավարող Իլհամ Ալիևը լիովին մեր մարդն է, ինչ կլինի վաղը, ոչ ոք հավերժ չէ, ոչ ոք չգիտի, ուստի այդ սուր հարցերը հիմա է պետք լուծել, Ադրբեջանի գործող ղեկավարության օրոք, ով էլ կանգնած լինի Ադրբեջանի թիկունքին։ Թուրքիայի մասին են խոսում։ Հետո՞ ինչ։ Դա քաղաքականություն է։ Թուրքիան սատարում է Ադրբեջանին, որվհետև նրանք մերձավոր և հարազատ երկրներ են։ Այդպես կարելի է ՌԴ-ին մեղադրել, թե ինչու է՝ Բելառուսին օգնում․․․

Երկու հարց եք առաջ քաշել, երկուսն էլ ավելի քան տարօրինակ»,- ասել է Լուկաշենկոն։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին, մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021-ի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը: Նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է համաձայնեցնել որոշման նախագիծը։

ՀՀ նախաձեռնությամբ գումարված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցը ևս մեկ անգամ կքննարկվի նոյեմբերի վերջին կայանալիք նիստում։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---