ՌԴ դեսպան․ ԼՂ կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին

ՌԴ դեսպան․ ԼՂ կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Պրիմակովյան ընթերցումների» շրջանակում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղծվեն բոլոր կողմերի համար ընդունելի արդար որոշման համար։

Դեսպանը նշել է, որ ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է այդ մասին, գրում է Sputnik Արմենիան։

«Կարգավորման ամբողջ համալիրը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունների արդյունք», – ասել է ՌԴ դիվանագետը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին և դրա դրույթներին, դեսպանը կարծիք է հայտնել, որ դատելով Սոչիի հանդիպման արդյունքներից, կան հարցեր, որոնք դեռ համաձայնեցնել չի հաջողվում, սակայն այդ հարցերի շուրջ աշխատանքը կշարունակվի։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---