Բելառուսի ԱԳՆ․ Լուկաշենկոյի մոտեցումները հասկանալի են և ազնիվ

Բելառուսի ԱԳՆ․ Լուկաշենկոյի մոտեցումները հասկանալի են և ազնիվ

PanARMENIAN.Net - Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին ՀԱՊԿ նիստում և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը՝ անվանելով դրանք «հասկանալի և ազնիվ»։

ՀՀ ԱԳՆ-ն ոչ դաշնակցային-գործընկերային էր որակել Լուկաշենկոյի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ:

Բելառուսի ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տվել «կարդալ և վերընթերցել Լուկաշենկոյի բազմաթիվ ելույթները» ԼՂ հարցի վերաբերյալ, հայտնել են նախարարությունից՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Հայաստանի ԱԳՆ-ն օրիգինալ դիրքորոշում է որդեգրել։ Բելառուսը ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցում իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին իր ամբողջ պատմության ընթացքում։ Այդ թվում նաև այս բարդ պահին։ Պրոֆեսոնալ չէ կասկածի տակ դնել այդ ակնհայտ փաստը։ Պարկեշտությունը մեր արտաքին քաղաքականության գծերից մեկն է, ուստի հետագայում ևս մեր դաշնակիցները և գործընկերները կարող են վստահ լինել մեր հարցում։ Եթե մյուս երկրներն էլ այդպես վարվեին, ապա շատ հարցերից հնարավոր կլիներ խուսափել։ Միանգամայն հասկանալի է, որ Բելառուսի նախագահի մոտեցումները ոչ թե կտրված են իրականությունից, այլ հակառակը՝ հիմնված են իրականության վրա, հասկանալի են և ազնիվ, ինչպես վայել է դաշնակցին։

Հենց այդպես բաց, առանց քաղաքական խաղերի և խարդավանքների է պետք քննարկել հարցերը, երբ խոսքը մարդկանց ճակատագրերի մասին է։ ՀՀ նախաձեռնությամբ կայացած գագաթնաժողովում Փաշինյանը տվել է բոլոր անհրաժեշտ մեկնաբանություններն իր գործընկեր պետությունների ղեկավարներին։ Ի՞նչ իմաստ ուներ ՀՀ ԱԳՆ այդ ուշացած գնահատականը»,-ասվում է մեկնաբանության մեջ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել է․ «Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակում ստորագրված անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»,- նշել է նա։

Լուկաշենկոն ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած 2 ակնկալիքին՝ քաղաքական գնահատական տալու Բաքվի ագրեսիային և ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի մասին, ասել է՝ «դուք ի՞նչ է՝ չգիտեք մեր դիրքորոշումը, ի՞նչ ճանապարհային քարտեզ»։ Նա նաև ասել է՝ «Ադրբեջանը ղեկավարող Իլհամ Ալիևը լիովին մեր մարդն է»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---