Ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը սահմանել է

Ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը սահմանել է

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (ավագ դպրոցում) կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը:

Կրեդիտային համակարգը կներդրվի հետևյալ փուլերով.

Առաջին՝ նախապատրաստական փուլ․ 2 տարի` 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակից սկսած: Առաջին փուլում համակարգը կներդրվի Երևանի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում:

Երկրորդ՝ փորձարկման և լրամշակման փուլ․ 2 տարի` 2023-2024 ուստարվանից սկսած։ Երկրորդ փուլում համակարգը կփորձարկվի Երևանի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում:

Երրորդ՝ ամբողջական գործարկման փուլ․ 2024-2025 ուստարվանից սկսած՝ կրեդիտային համակարգը կներդրվի բոլոր մարզերում և Երևանում՝ առաջին և երկրորդ փուլերի արդյունքների ամփոփման և վերլուծության հիման վրա կարգը լրամշակելուց հետո:

Համաձայն կարգի՝ միջնակարգ հանրակրթական ծրագիրը սովորողի կողմից համարվում է յուրացված՝ սահմանված կրեդիտների՝ շրջանավարտներին ներկայացվող պարտադիր նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքները ձեռք բերելուց հետո։

Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթները երկուսն են՝ կրեդիտների հաշվառում և փոխանցում։

Հանրակրթական ծրագրի գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչների (ուսումնական բնագավառներ, դասընթացներ, գործնական, ինքնուրույն աշխատանքներ, գիտելիքների գնահատման ցուցանիշ և այլն) աշխատածավալներն արտահայտված են սովորողի լրիվ ուսումնական բեռնվածությունն արտահայտող (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն աշխատանք, ներառյալ՝ նախագծային ուսուցում հաճախումների կամ բացակայությունների հատկանիշները) կրեդիտներով։

Տվյալ առարկայի ծրագրի համապատասխան ուսումնական տարվա կամ կիսամյակի ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար սովորողը պետք է ձեռք բերի հանրակրթական ծրագրին համապատասխան սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը։

Գործում է կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների փոխադարձ ճանաչման և կրեդիտների` ծրագրից ծրագիր փոխանցման (տեղափոխման) հնարավորություն՝ նույն դպրոցի ներսում կամ ավագ կամ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի դպրոցների միջև կամ դպրոցի և նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ դպրոցի և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության միջև կամ դպրոցի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև՝ ընդունող ծրագրի պահանջներին համապատասխան, եթե դրանց կրթական արդյունքները համարժեք են։

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է միջնակարգ կրթության կրեդիտների չափումն ու հաշվառումը, միջնակարգ կրթության կրեդիտների փոխանցումը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---