Պապիկյան․ Մեր ռազմական դպրոցը՝ պայմանական սովետականը, մարտի դաշտում կենսունակ չէ

Պապիկյան․ Մեր ռազմական դպրոցը՝ պայմանական սովետականը, մարտի դաշտում կենսունակ չէ

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գնահատմամբ՝ Հայաստանի ռազմական դպրոցը, պայմանական սովետականը, մարտի դաշտում կենսունակ չէ և պետք է ամեն ինչ անել, որ զինվորը պատկերացնի, թե ինչ է արդի պատերազմը։ Այդ մասին նա ասել է նոյեմբերի 3-ին խոհրդարանում պայմանագրային զինծառայողների ատեստավորման օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ։

Նա նաև հայտարարել է, որ բարեփոխումների մեկնարկը տրված է, hայտնում է «Ազատությունը»։

«Մենք գնահատել ենք ու հասկանում ենք, որ մեր դպրոցը, պայմանական սովետական դպրոցը, մարտի դաշտում արդեն որերորդ պատերազմում ցույց է տալիս, որ կենսունակ չէ։ Սա փաստ է, իրականություն է, և այդ փաստի հետ պիտի առերեսվենք և, բնականաբար, ընդունենք համապատասխան որոշումներ։ Այդ որոշումները, ըստ էության, տեղի են ունենում, և մեր այս գործընթացները, որ մենք սկսել ենք, նաև դրա մասին են։ Այո, մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր զինվորը պատրաստ լինի, պատկերացնի ինչ է արդի պատերազմը, ունակ լինի վարելու արդի մարտ։ Թե հիմա ումից ինչ կվերցնենք, ոնց կադապտացվենք, ինչ հիբրիդային վիճակ կստանանք՝ ժամանակի հարց է։ Բայց էն, որ Զինված ուժերում դրա մեկնարկը ըստ էության տրված է, ես դա կարող եմ հավաստիացնել»,-ասել է նա։

Պապիկյանը հավելել է, որ պայմանագրային զինծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով Պաշտպանության նախարարությունն առաջարկում է հավելավճարներ սահմանել մարտական խնդիրներ իրականացնող, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար՝ պայմանով , որ նրանք ատեստավորում անցնեն։

Եթե պայմանագրային զինծառայողը ցանկանում է շարունակել ստանալ հավելավճար, ապա 3 տարի անց, պետք է կրկին ատեստավորում անցնի։

«Այսինքն՝ դրանով մենք փորձում ենք կազմ ու պատրաստ պահել զինվորականին»,-նշել է նա։

Այս բարեփոխման համար, ըստ Պաշտպանության նախարարի, սահմանվել է 3 տարի ժամկետ, որի համար կառավարությունը հատկացնելու է 66 միլիարդ դրամ։

Նախարարը մանրամասնել է, որ մարտական ծառայություն իրականացնող շարքային պայմանագրային զինծառայողը ստանում է մոտ 150,000 դրամ աշխավարձ։ Ատեստավորումից հետո արդեն մինչև 216,000 դրամ կարող է ստանալ։ Իսկ մարտական հերթապահանության դեպքում, պայմանագրային զինածառայողը 380,000 դրամ մաքուր աշխատավարձ կստանա։ Եթե ծառայում է հատուկ նշանակության ուժերում, կստանա 416,000 դրամ։

«Էս կարգավիճակի զինվորականության աշխատավարձը առնվազն կրկնապատկվելու է։ Իսկ սա շատ-շատ լուրջ է։ Լեյտենանտները բուհը ավարտելուց հետո, բացի այն, որ կստանան բնակարան, կստանան մոտ կես միլիոն դրամ մաքուր աշխատավարձ», - հավելել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ երեք տարբեր հանձնաժողով կստեղծվի տարբեր կոչումներ ունեցող զինվորականների ատեստավորումն իրականացնելու համար։ Կստուգվեն և' տեսական, և' գործնական գիտելիքները։ Ըստ նախարարի, տեսական հատվածում պետք է հասկանալ, թե սպան որքանով է ունակ գործել մարտի դաշտում, առաջադրված խնդիրների լուծումն ինչպես է պատկերացնում։ Իսկ գործնական հատվածում ստուգվելու են պայմանագրային զինծառայողի ֆիզիկական և կրակային պատրաստությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պետական բյուջեից պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 20 մլրդ դրամ։ Գումարն ուղղվելու է Պաշտպանության նախարարության «ՀՀ պաշտպանության ապահովում», «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» և «Շենքերի և շինությունների շինարարություն» ծախսային ծրագրերի ֆինանսավորմանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---