Բեգլարյանը՝ Վարդանյանի խորհրդական․ Վստահ եմ՝ հնարավորությունների նոր դաշտ է բացվում մեր առջև

Բեգլարյանը՝ Վարդանյանի խորհրդական․ Վստահ եմ՝ հնարավորությունների նոր դաշտ է բացվում մեր առջև

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության արդեն նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշել է ընդունել պետնախարարի պաշտոնը ստանձնած Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ և կծառայի որպես պետական նախարարի խորհրդական։

«Շնորհակալ եմ նախագահ Հարությունյանին՝ պետությանն ու ժողովրդին ծառայելու այս հնարավորության համար: Շնորհակալ եմ նաև պետական նախարարի աշխատակազմին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ ծառայության համար:

1. Ես պետնախարարի լիազորությունները ստանձնեցի ծանր պայմաններում՝ աղետալի պատերազմից ամիսներ անց՝ գիտակցելով պատասխանատվությանս չափը ժողովրդի, Նախագահի, գործընկերներիս ու հաջորդ սերունդների առջև:

2. Ճգնաժամային պայմաններում իմ լիազորությունների ու կարողությունների շրջանակներում կատարել եմ հնարավորինս խնդիրների օպերատիվ ու համակարգային լուծման ուղղությամբ: Թե որքանով եմ հաջողել ու ձախողել, թող գնահատեն ժողովուրդը, Նախագահը և գործընկերներս, սակայն կարծում եմ, որ նման ծանր պայմաններում Նախագահի գլխավորությամբ բավականին կարևոր ու ծավալուն աշխատանք է կատարվել կառավարության կողմից: Արածիս և չարածիս վերաբերյալ իմ հակիրճ գնահատականները ներկայացրել եմ ասուլիսով։

3. Պաշտոնավարման ընթացքում ես առաջնորդվել եմ ԱՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, իմ խղճով, արժեքներով, սկզբունքներով և ազգային ու պետական շահերով: Թեև ես ինքս ամբողջությամբ չեմ գոհ իմ գործունեության արդյունքներից, սակայն խիղճս մաքուր է և սիրտս հանգիստ, որ նվիրվել եմ անմնացորդ կերպով և ներդրել եմ իմ առավելագույն ներուժը:

4. Ներողություն եմ հայցում իմ բոլոր հայրենակիցներից՝ իմ բացթողումների և հարուցած հիասթափությունների համար: Հավատացե՛ք, որ դրանց պատճառները չեն եղել իմ անտարբերությունն ու ծուլությունը, այլ՝ ռեսուրսների, կարողությունների ու լիազորությունների սահմանափակությունները:

5. Ուրախ եմ, որ Նախագահն ու Ռուբեն Վարդանյանը այս որոշումը կայացրեցին, և պարոն Վարդանյանը լայն լիազորություններով առաքելություն է ստանձնել Արցախի առջև ծառացած ներքին ու արտաքին հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Վստահ եմ, որ հնարավորությունների նոր դաշտ է բացվում մեր առջև, և մեր ապագան պետք է ինքներս կերտենք՝ համայն հայության մասնակցությամբ ու աջակցությամբ:

6. Որոշել եմ շարունակել իմ ծառայությունը պետությանն ու ժողովրդին՝ ընդունելով Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ: Ուստի, ես կծառայեմ որպես պետական նախարարի խորհրդական, որն, ի դեպ, Նախագահի ու պարոն Վարդանյանի հետ քննարկված հնարավոր ամենացածր պաշտոնն է, սակայն ամենաօպտիմալ տարբերակն է այս փուլում իմ ներուժի արդյունավետ իրացման համար, որովհետև ինձ համար ոչ թե կարգավիճակն է կարևոր, այլ՝ արժեքներն ու արդյունքները: Ի լրումն սահուն անցում ապահովելուն ուղղված աշխատանքների՝ նաև կստանձնեմ կոնկրետ լիազորություններ ու գործառույթներ՝ և՛ հրատապ, և՛ ռազմավարական խնդիրների լուծման հարցում:

Արցախը լինելու է հայկական, ավելի զարգացած ու ամուր: Ի գո՛րծ...», ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 4-ին Բեգլարյանն Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից, պաշտոնում նշանակվել է Ռուբեն Վարդանյանը։ Նա կհամակարգի բոլոր ոլորտները, ուժայիններից բացի։ ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---