Վարչապետ․ Սեպտեմբերի 13-ից հետո 16 անհետ կորած կա, իսկ 44-օրյայից՝ 203

Վարչապետ․ Սեպտեմբերի 13-ից հետո 16 անհետ կորած կա, իսկ 44-օրյայից՝ 203

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին, ասել է, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքն ունի, և իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում:

«Մինչդեռ Հայաստանի համար սա նույնքան հրատապ և ցավոտ խնդիր է: Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից հետո 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ 2020-ից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմից անհետ կորածների 130 մարմին և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով:

Նա նշել է նաև, որ Հայաստանը 2020-ի պատերազմից հետո նաև հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանի ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա:

Փաշինյանը հավելել է, որ 2022 թվականի նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զինվորականների առջև կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը՝ նշելով, այդ տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Ալիևն ասել է նաև, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են տեղակայված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---