Մեկնարկել է ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստան

Մեկնարկել է ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստան

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է այդ երկրում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմամբ:

Դրան հրավիրված են եղել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բարձրաստիճան հյուրեր:

ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում նշել է. «Ուրախ եմ, որ այսօր՝ եղբայրական Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, նման հիշարժան միջոցառման եմ ներկա: Ուրախ եմ նաև, որ այստեղ է իմ լավ բարեկամ և գործընկեր Շալվան: Այս տարի լրանում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն հայ-վրացական համատեղ անցած ճանապարհը, պատմական առնչությունները և ավանդույթներն ունեն հազարամյակների պատմություն»:

Սիմոնյանը նշել է, որ միջպետական հարաբերությունների այս երեսուն տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ, սակայն իրականում երկու ժողովրդի խոսուն և հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է և անչափելի:

Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Պապուաշվիլին: Շնորհավորելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ` նա նշել է, որ այդ 30 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը երկու ժողովուրդների կապերն ավելի են սերտացրել, դիվանագիտական հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա են դրվել:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձել է երկու ժողովուրդների սերտ կապերին և միջպետական դինամիկ զարգացող հարաբերություններին:

Միջոցառմանը հնչել են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---