Սիմոնյան․ Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ

Սիմոնյան․ Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանը մեծապես հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ։ Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում։

«Ես մշտապես ընդգծել եմ, որ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է»,- հավելել է նա։

Սիմոնյանը նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամությունը հենվում է ընդհանուր արժեքների և պատմամշակութային ժառանգության վրա՝ հավելելով, որ քիչ առաջ ավարտված հանդիպումը հնարավորություն է տվել շարունակելու այս տարվա ապրիլին Երևանում սկսված քննարկումները:

«Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ կրթություն, մշակույթ, տրանսպորտ, կապ և այլն: Քննարկեցինք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը»,- ասել է ԱԺ նախագահը:

Նա տեղեկացրել է, որ իր վրացի գործընկերոջ հետ անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին, և չնայած հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին` Ադրբեջանը շարունակում է առավելապաշտական քաղաքականությունը և ագրեսիվ հռետորաբանությունը՝ վտանգելով տարածաշրջանի անվտանգությունը:

Սիմոնյանն ընդգծել է Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու պահպանմանն ուղղված քայլերը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---