Զաս. ՀՀ-ին աջակցելու ՀԱՊԿ նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է

Զաս. ՀՀ-ին աջակցելու ՀԱՊԿ նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը Երևանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ նիստերին, ասել է, որ Հայաստանին աջակցելու համատեղ միջոցառումների վերաբերյալ ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։ Այն տեղեկատվությունը, որ հաղորդվում է ՀԱՊԿ հակազդման կենտրոններից, հաստատում է, որ փաստացի ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում հայ–ադրբեջանական սահմանին։ ՀՀ–ի համար այս սպառնալիքի քննարկմանն են նվիրված եղել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի վերջին 3 արտահերթ նիստերն այս տարվա մայիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին։ Հայաստանին աջակցության տրամադրման նախագիծը, որը կազմվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության արդյունքների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցվել է»,– ասել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը մեծ նշանակություն է տալիս նաև Տաջիկստան–Ղրղզստան սահմանին իրավիճակի կարգավորման անհրաժեշտությանը։

«Կարծում ենք, որ ՀԱՊԿ–ն ունի անհրաժեշտ միջոցներն ու փորձը մեր անդամ երկու երկրին աջակցություն տրամադրելու համար։ Իհարկե, եթե Տաջիկստանն ու Ղրղզստանը դա անհրաժեշտ կհամարեն»,– ասել է Զասը։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Քննարկվելու է նաև ռոտացիայի կարգով 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Նշվում է, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։

ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մասնակցությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---