Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Ադրբեջանի հակահայ պահվածքն ավելի է հիմնավորում, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի

Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Ադրբեջանի հակահայ պահվածքն ավելի է հիմնավորում, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Հայաստանյան պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում հայտարարել է, որ հակառակ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ, Ադրբեջանի հակահայ (արմենոֆոբիկ) պահավածքն ու ցեղասպանական նկրտումներն ավելի են հիմնավորում, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, և հակամարտությունն ագրեսիայով և պատերազմով լուծելի չէ:

«Այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում խաղաղության հաստատումն է, կյանքի և մարդկային իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը: Աշխարհի երեսին դժվար է գտնել գեթ մեկին (այդ թվում՝ ես), որ դեմ լինի խաղաղությանը: Մարդու իրավունքները, ագրեսիան ու պատերազմը նույն դեմքն ու հետևանքներն ունեն՝ անկախ ազգությունից, դավանանքից և աշխարհագրությունից:

Եվրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկվում է ագրեսիայի, տեղահանման և էթնիկ զտումների, սակայն միջազգային կառույցների և հենց մեր կազմակերպության կողմից շարունակվում է կրկնակի ստանդարտների քաղաքականությունը:

2020 թ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած 44-օրյա լայնամասշտաբ պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ վարքագիծն ու ցեղասպանական նկրտումները:

Հակառակ պայմանագրի նախատեսումներին՝ Ադրբեջանն ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին, միայն, այսպես կոչված, խաղաղ ժամանակահատվածում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն անցնում է 180-ը: Շարունակվում է Ադրբեջանի պաշտոնական դեմքերի ռազմատենչ և ահաբեկչական հռետորիկան, օկուպացված տարածքներում մշակութային վանդալիզմը: Այս սեպտեմբերին խախտելով բոլոր միջազգային նորմերը՝ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք՝ օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքից 130 քառ. կմ: Ագրեսիան ուղեկցվել է սարսափելի հանցագործություններով, մարդու իրավունքների համատարած խախտումներով և բռնությամբ, որոնք փաստված են և արձանագրված»,-ասել է պատգամավորը։

Նա հավելել է, որ Հայաստանը գնահատում է այն երկրների վերաբերմունքը, որոնք դատապարտել են ադրբեջանական ագրեսիան, սակայն Հայաստանի օկուպացիան շարունակվում է:

«Կարծում եմ, եթե Եվրոպական ընտանիքը, միջազգային հանրությունը՝ ներառյալ ԵԱՀԿ-ն, իրապես շահագրգռված են մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ, ապա, իբրև պատերազմական հանցագործ, Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ագրեսիայի, քիմիական զենքի գործածության և Թուրքիայի աջակցությամբ ներգրավված ահաբեկիչների համար:

Ցավոք, չեմ ուզում հավատալ, որ ագրեսոր Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքը, որը, ըստ մի շարք աղբյուրների, բավարարում է եվրոպական էներգետիկ կարիքների երեք տոկոսը միայն, ավելի թանկ է, քան իրական ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրական եվրոպական այն արժեքները, որոնց հավատալով շատերս անդամակցել ենք այս կառույցին: Հստակ է, որ տարաշրջանում փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Այս համատեքստում ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնագիրը միայն ուժեղացնում է ագրեսոր Ադրբեջանին:

Եթե միջազգային հանրությունը, իրապես շահագրգիռ է մեր տարաշաշրջանում երկարատև և կայուն խաղաղությամբ, ապա Ադրբեջանին պատասխանատվության պետք է ենթարկել իբրև պատերազմական հանցագործի՝ միջազգային օրենքների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քիմիական զենքի գործածության, մշակութային վանդալիզմի համար»,-ասել է պատգամավորը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---