ԱԱԾ․ Անօրինական միգրացիա են կազմակերպել $3400-7000-ի դիմաց

ԱԱԾ․ Անօրինական միգրացիա են կազմակերպել $3400-7000-ի դիմաց

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք է բացահայտել։ Պարզվել է, որ Ա.Բ-ն, հանդիսանալով ՀՀ-ում գործող «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահը, 2022-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին, շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարույթով դեռևս չպարզված անձանց հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն, խմբի անդամներով ՀՀ մի շարք քաղաքացիներից 3400-7000 դոլար ստանալու դիմաց, կազմակերպել են հիշյալ անձանց ՀՀ-ից ելքի, օտարերկրյա համապատասխան պետություններ մուտքի, իսկ այնուհետև նաև այդ պետություններում գտնվելու գործընթացը։

Մասնավորապես, վերջիններս՝ «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով վերը նշված անձանց վերաբերյալ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ ներկայացնելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ «Մուայ Թայ» ֆեդերացիայի մարզիկ կամ մարզիչ հանդիսանալու, աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվների, եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ խմբի կազմում նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան:

Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամի բնակարանում, ավտոմեքենայում, ինչպես նաև «Մուայ Թայ» ֆեդերացիայի գրասենյակում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ տվյալներ։

Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից մեկն անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է և քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ խմբի կազմում անօրինական միգրացիայի կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---