ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ․ Շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ․ Շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ Վաշինգտոնում հանդիպմանն ասել է, որ շարունակում են աշխատել բազմաթիվ հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման, և այլն։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ Պետդեպարտամենտի կողմից գործադրվող ջանքերի համար և ներկայացրել այն դժվարություններն ու ապրումները, որով անցնում են ընտանիքները՝ նկատի ունենալով նաև տեղեկատվական սադրիչ այն միջավայրը, որը ստեղծվում է ադրբեջանական կողմից։

Գրիգորյանը փոխտեղակալին ներկայացրել է Պաշտպանի հաստատության արտահերթ զեկույցները, որոնցում փաստագրել ու վերլուծել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հարձակման ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների շարունակական խախտումները, հարձակման ենթարկված համայնքներում ապրող մարդկանց հումանիտար խնդիրները, պատերազմական հանցագործության այն փաստերը, որոնք Պաշտպանի աշխատակազմը հաստատել է հատուկ մեթոդաբանությամբ, ինչպես նաև հայրենադարձված ռազմագերիների վկայությունների հիման վրա կատարված հետևությունները Ադրբեջանում իրենց պահման ընթացքում խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերի մասին։

Պաշտպանը կարևորել է կատարված հանցանքների համար պատասխանատուների պատասխանատվության ու պատժի անխուսափելիության հարցը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունի հանցագործը։

Էրիկա Օլսոնը կարևորել է Պաշտպանի հաստատության աշխատանքը և շնորհակալություն հայտնել կարևոր տեղեկությունները ժամանակին ու անաչառ ներկայացնելու համար։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրապարակել է հայկական կողմի զոհերի թիվը՝ 233։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---