Ստեփանավանում և Աշոցքում փայտե տների փոխարեն նոր շենքեր կկառուցվեն

Ստեփանավանում և Աշոցքում փայտե տների փոխարեն նոր շենքեր կկառուցվեն

PanARMENIAN.Net - Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և Շիրակի մարզի Աշոցք համայնքում փայտե տների փոխարեն նոր շենքեր կկառուցվեն։ Այդ մասին քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտարարել է Ազգային ժողովում։

«Աշոտաբերդում (թաղամաս Ստեփանավանում) նախագծային աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Մենք ընդունել ենք նախագծերը, շտկումներ ենք արել, 2 օրվա ընթացքում դրանք պատրաստ կլինեն», - ասաց նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Ղուլարյանը տեղեկացրել է, որ այդ թաղամասում նախկինում 24 շենք է եղել, այժմ 15 շենք կկառուցվի։ Նախագիծը, որի արժեքը մոտ 6․4 մլրդ դրամ է, կավարտվի մինչև 2025 թվականը։

«2023 թվականի բյուջեում այս նախագծնին 600 մլն դրամ է հատկացվել։ Նախագծային աշխատանքների ավարտից հետո անմիջապես կհայտարարվի շինարարության մրցույթ։ Պայմանագիրը կկնքենք ու կսկսենք աշխատանքները,– նշել է նա։

Ինչ վերաբերում է Աշոցքին, ապա կոմիտեի նախագահը նշել է, որ մրցույթն արդեն հայտարարվել է, պայմանագիրն էլ` կնքվել։

«2023 թվականին բյուջեից գումար կխնդրենք և այդ թաղամասը նույնպես կկառուցենք։ Նախագիծը գնահատվում է 4․2 մլրդ դրամ», - ասել է Ղուլարյանը։

Պաշտոնյանի խոսքով` այժմ Սպիտակում փայտե հանրակացարանների փոխարեն տներ են կառուցվում։ Դրանց աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի։

1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում: Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---