9 դեկտեմբերի 2022 - 11:48 AMT
Էրդողանի խոսնակ․ ՀՀ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը, անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին, կրկին առաջ է քաշել թուրքական այն պնդումները, թե հայկական սփյուռքը չի ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում:

Նա հավելել է, թե «Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի», հայտնում է Ermenihaber-ը։

Քալընը համոզմունք է հայտնել, որ առաջիկա 10 տարվա ընթացքում շատ լավ քայլեր են արվելու ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի հետ:

«Կարող եմ ասել՝ հակառակ հայկական սփյուռքի կարծիքին՝ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու այլ երկրների: Գիտեք՝ հայկական սփյուռքն ամենաշատը կենտրոնացած է աշխարհի 2 երկրում՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, որտեղ նրանք ծայրաստիճան ազդեցիկ են՝ քաղաքականության, տնտեսության, մեդիայի ու այլ ոլորտներում»,-ասել է Քալընը:

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները արագորեն կկարգավորվեն:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով ամբողջ Կովկասում հանգստության ու բարեկեցության ժամանակաշրջան կգա: Սրանից բոլորս կշահենք։ Նույնիսկ ամենաշատը Հայաստանը կշահի։ Որովհետև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է՝ 3 միլիոն բնակչությամբ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենաշատը կնպաստի Հայաստանի զարգացմանը»,-ասել է նա:

Վերջինս նաև պնդել է, որ «Հայաստանը փաստացի Ռուսաստանի ռազմական հովանավորության ու տնտեսական ուժի վերահսկողության տակ գտնվող և Արևմտյան դաշինքի մի մասը դիտարկող ու դիրքավորել ցանկացող երկիր է:

«Այստեղից դուրս գալը Հայաստանի օգտին է լինելու: Այդ պատճառով նրանց համար ամենաճիշտ տարբերակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն է»,-ասել է Քալընը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով օգուտ կստանա այն նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով։ «Հուսով ենք, որ Հայաստանը նույնպես խելքի կգա և նույնպես կշահի նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով», - ասել էր նա։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։